Հասարակություն

24-ամյա վարորդը Mercedes-ով Չաուշի հրապարակում մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, որն այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը,  որոնցից 2-ը, ըստ տեղեկությունների, ծաղկի սրահի աշխատակիցներն են: