Հասարակություն

Զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց 90 հազար դոլար են հափշտակել

Հունիսի 8-ին, ժամը 22.16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի:

Հունիսի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ավազակային հարձակմանը մասնակցել էին նաև 29 և 22 տարեկան 2 երիտասարդ:

Նույն օրը, ժամը 11.00-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ 22-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել էր բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Ժամը 15.00-ին 29-ամյա երիտասարդը Երևանի Տոլստոյի փողոցից բերման էր ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է:

Երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: