Հասարակություն

Կարկտահարություն Լոռիում. արձանագրվում են վնասի հետևանքները

Հունիսի 10-ին Լոռիում ուժեղ կարկուտ է տեղացել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Աննա Գասպարյանը փոխանցեց՝ կարկտահարություն է եղել Ստեփանավանի, Տաշիրի և Գուգարքի շրջաններում:

Նրա խոսքով՝ այժմ համայնքային հանձնաժողովներն աշխատում են կարկտահարության հետևանքով վնասներն արձանագրելու ուղղությամբ. «Արդյունքները կներկայացվեն մարզպետարանին։ Շուրջ մեկ շաբաթ այց կկատարվի բնակավայրեր՝ վերստուգելու վնասի չափը»։

Ստացված արդյունքները կներկայացվեն նաև ՀՀ Կառավարությանը։ 

Նշենք, որ միայն Ուռուտ գյուղում սա վերջին երկու ամսում կարկտահարության հինգերորդ դեպքն է։ 

Ուռուտի բնակիչներից մեկն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել, որում երևում էին հավկիթի չափի կարկուտի հատիկները, իսկ մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր գրառում էր արել. «Հիմա հաստատ բերք չմնաց, մի քանի օր առաջ էլ կարկուտը մեծ վնաս հասցրեց գյուղին, տների լուսամուտներ էր ջարդել, էլ չասեմ, որ ցանքատարածություններից բան չէր թողել»։