Վառելիք ներմուծողները կկարողանան բենզին ներկրել նաև Ղազախստանից։ Օրեր առաջ երկրի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրեց նավթամթերքի արտահանման ոլորտում Հայաստանի հետ առևտրատնտեսական գործակցության մասին օրենքի համաձայնագիրը։
Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը նշեց՝ նման համաձայնություն Հայաստանն ունի նաև Ռուսաստանի հետ. «Առայժմ առանց մաքսատուրքի վառելիք Ռուսաստանից էր ներկրվում, իսկ հիմա՝ նաև Ղազախստանից կներմուծվի։ Եթե շուկայում առաջարկը մեծանում է, բնականաբար, դա ազդեցություն կունենա նաև ձևավորվող գների վրա։ Եթե Ռուսաստանից վառելիքի ներմուծումը չենք կրճատում, և ավելացնում ենք այլ երկրներից, այդ դեպքում սա կարող է ազդել գնային միջավայրի վրա»։
Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ղազախստանը, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, ազատ տնտեսական համագործակցության շրջանակում առևտրաշրջանառություն պետք է իրականացնեն՝ առանց փոխադարձ մաքսատուրքեր վճարելու։
Սարգսյանը նշեց, որ չնայած Ռուսաստանից ևս վառելիքը ներմուծվում էր առանց մաքսատուրքի, սակայն Ռուսաստանի դեպքում վառելիքի գները բարձր են՝ միջազգային շուկաներում առկա բարձր գնաճային միջավայրի պատճառով. «Ղազախստանի դեպքում գների էական նվազում դժվար լինի, այնուամենայնիվ, շուկայում, որպես հավելյալ առաջարկի ձևավորում, հնարավոր է՝ որոշակիորեն ազդի, բայց այս գնաճային բարձր ֆոնին շատ մեծ ակնկալիքներ դժվար սպասվեն»։
Ռուսաստանի համեմատ՝ Ղազախստանից ներկրելու պարագայում ճանապարհն ավելի երկար է. ըստ տնտեսագետի՝ ամենակարճ ճանապարհը կլիներ Կասպից ծովի և Ադրբեջանի միջոցով Հայաստանը բերելը, սակայն Ռուսաստանով է գալու, ինչը նշանակում է, որ, հավանաբար, նույն արժեքը կունենա, որքան՝ Ռուսաստանից ներմուծելու դեպքում. «Այսինքն, ճանապարհածախսով գրեթե նույն գինն է ունենալու, ինչքան Ռուսաստանից ներմուծելու դեպքում էր ունենում»։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար ձեռնտու այլընտրանքներից մեկն էլ Իրանն է, որի հետ, սակայն, չկա առանց մաքսատուրք առևտրաշրջանառություն իրականացնելու որևէ համաձայնագիր։
Վառելիքի շուկայում փոփոխություններից մյուսը. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ աշնանը «Շելլ» էներգետիկ խոշոր ընկերությունը Հայաստանում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց կգործարկի՝ վառելիք ներկրելով Հունաստանից:
Տնտեսագետի կարծիքով՝ այս փոփոխությունը կնպաստի վառելիքի շուկայում հավելյալ մրցակցության ձևավորմանը. «Հայաստանի շուկան օլիգոպոլիա է, ոչ թե մոնոպոլիա, գները բավական կոշտ են, նավթի գնի նվազման պարագայում բենզինի գները բավական դժվարությամբ են իջնում, գրեթե չեն իջնում, բարձրացման դեպքում՝ միանգամից բարձրանում են։ Վառելիքի շուկայում հավելյալ մրցակցությունը կնպաստի, որպեսզի այն հավելյալ գները, որոնք ձևավորվում են Հայաստան մաքսազերծելուց, մրցակցության ուժեղացման արդյունքում աստիճանաբար կրճատվեն»։
Անուշ Մկրտչյան