Հասարակություն

Հաշվեքննիչ պալատի 30 հաշվեքննություններից 11-ն ավարտվել է

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը։

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերով նախատեսված հաամատեղ միջոցառումների շրջանակում:

ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակում նախատեսված 30 հաշվեքննությունից ավարտվել է 19-ը, իսկ մնացած 11-ը դեռևս շարունակվում է:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՊ-ի հաշվեքննության շրջանակը ներառել է օրինականության, տնտեսման, ինչպես նաև ծախսային և նպատակային արդյունավետության առումով ռիսկային և առավել նշանակալի ոլորտներ՝ հաշվի առնելով ՀՊ-ի ռեսուրսները:

Իրականացված 19 հաշվեքննության արդյունքով ՀՊ-ի կողմից հաստատված ընթացիկ եզրակացությունները սահմանված ժամկետներում ներկայացվել են Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը և համապատասխան հաշվեքննության օբյեկտներին:

Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է օրենսդիր մարմնի հետ գործակցության կարևորությունը:

Նա նշել է, որ ՀՊ-ի հաշվեքննությունների արդյունքները որոշակի պարբերականությամբ քննության առարկա են դառնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:

Քննարկման արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն: