ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով բյուջեի կատարողականի հաշվետվությանը, նշեց. «2021-ը մենք բնորոշել ենք որպես շատ բարդ մարտահրավերների տարի, քանի որ անհրաժեշտ էր արձագանքել թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքներին, և ապահովել մակրոտնտեսական կայունություն, որը չափազանց կարևոր խնդիր էր: Համարում ենք, որ ընդհանուր առմամբ դա իրականացվել է շատ մեծ հաջողությամբ»։
Ըստ նրա, սկզբնապես նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս:
Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 587 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0.3 տոկոսային կետով, 2021-ին այն 147 մլրդ դրամով ավելին էր, քան սկզբնապես պլանավորվել էր: 2021-ին եղել է 2 տրլն 4 մլրդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը՝ 1 տրլն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, կատարողականը շատ մոտ է 100 տոկոսին, իսկ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը եղել է 92.3 տոկոս ճշտված պլանի նկատմամբ: Ըստ նախարարի՝ դա վերջին 4-5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: