Հասարակություն

Ծանր վիրավորանքի դրույթը միջազգային կազմակերպությունների սուր քննադատությունն առաջացնելուց բացի ոչինչ չարեց

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն օրերս տեղեկացրեց՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքում չի ներառվի «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը։ Նախարարը մեկնաբանել էր, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով: Փոխարենը, անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի այժմ էլ գործող Քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 մլն դրամ տուգանքի դրույթը։

Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքում Ծանր վիրավորանքի հոդվածն ուժի մեջ է մտել 2021-ի օգոստոսի 30-ից։ 

Պաշտոնական տվյալներով՝ մինչև 2022թ. ապրիլի 1-ը այս հոդվածի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Radar Armenia-ի հետ զրույցում ողջունեց հոդվածի ապաքրեականացման որոշումը. «Այդ օրենսդրական փոփոխությունը շատ սուր քննադատության արժանացավ թե՛ հայաստանյան կազմակերպությունների, թե՛ միջազգային կառույցների կողմից, և իշխանությունը, կարծում եմ, հասկացավ, որ ծանր վիրավորանքը քրեականացնելը հակասում է միջազգային ժամանակակից նորմերին և մոտեցումներին։ Որպեսզի այդ հակասությունը վերացվի, իշխանությունն ընդունեց այդ քաղաքական որոշումը»։

Նա նշեց՝ երբ իշխանությունը, օրենսդրությունը փոխելու միջոցով, նմանատիպ սահմանափակումներ կամ կոշտ միջոցներ է փորձում կիրառել, որոշ դեպքերում, հասկանալով իր սխալը, շտկում է. «Օրինակ, կորոնավիրուսի ընթացքում, երբ արտակարգ իրավիճակ հայտարարվեց, Կառավարության որոշման 4 կետ վերաբերում էր զլմ-ների գործունեությանը, և կոշտ սահմանափակումներ էին կիրառվել, բայց լրագրողական կազմակերպությունների մի քանի հայտարարությունների, այնուհետ՝ կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում այդ սահմանափակումները մեղմացվեցին, հետո՝ առհասարակ հանվեցին։ Ծանր վիրավորանքի քրեականացումից հրաժարվելը նույնպես այդ տրամաբանության մեջ է։ Կարծում եմ՝ իշխանությունները զգացել են, որ սխալ մոտեցում է, և հանել են։ Ճիշտ է՝ հաճախ բարձրաձայնվում էր այն մոտեցումը, թե այդ դրույթը ժամանակավոր է, քանի որ հետպատերազմյան  իրավիճակում վիրավորանքը լայն տարածում էր գտել։ Մենք այդ օրենքի ընդունման ժամանակ էլ ասում էինք, որ քաղաքական-հասարակական ճգնաժամի ալիքը իջել է, և լայն տարածում այլևս չկա, և այս մոտեցումը միմիայն վնաս է հասցնելու խոսքի ազատությանը և ՀՀ-ի միջազգային վարկանիշին»։

Մելիքյանի խոսքով՝ այս որոշումն իրենց համար այդքան էլ մեծ անակնկալ չէր, որովհետև, ըստ նրա, բազմաթիվ քննարկումների ընթացքում իշխանությունները հավաստիացրել էին, որ նոր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքին վերաբերող դրույթը տեղ չի գտնի։ Ավելին, ըստ Մելիքյանի, այդ օրենսդրական փոփոխությունն անիմաստ էր, քանի որ չշտկեց իրավիճակը. «Բացի միջազգային կազմակերպությունների կողմից սուր քննադատություն առաջացնելուց՝ այս օրենքը ոչինչ չարեց։ Եթե իշխանությունները փորձում են այդ դրույթի անհրաժեշտությունը հիմնավորել նրանով, որ հարյուրավոր անձանց պատասխանատվության են ենթարկել օրենքի կիրառմամբ, ապա դա ևս մի խնդիր է առաջացրել, և միջազգային կազմակերպություններն ասում էին, որ իշխանությունները պետք է դադարեն կիրառել այդ դրույթը՝ համարելով, որ քրեական պատասխանատվության ենթարկելը հակասում է ժողովրդավարական մոտեցումներին։ Այդ օրենքը որոշակի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկանիշին՝ և՛ ընդունման պահին, և՛ կիրառման ընթացքում։ Կարծում եմ՝ նաև այդ հանգամանքն է ազդել իշխանության այս որոշման վրա»։

Մարիամ Սարգսյան