Հասարակություն

Ոստիկանները բացահայտել են ատրճանակի սպառնալիքով կատարված ավազակությունը

Հունիսի 8-ի երեկոյան Կենտրոն վարչական տարածքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողն օտարերկրացի էր: Ժամը 21.30-ի սահմաններում երկու տղամարդ, որ հավանաբար գիտեին, որ տանը փող կա, թակել էին Արգիշտիի փողոցի բնակարաններից մեկի դուռը, ատրճանակի սպառնալիքով ներս էին խուժել, կապել տանտիրոջ ոտքերն ու ձեռքերը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էին 90 000 դոլար, 35 000 դրամ և դիմել փախուստի: Որպեսզի տանտերն արագ չարձագանքի, հանցամիտները դրսից փակել էին դուռը, բանալին թողել դռան վրա:

Կատարվածի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացել էին դեպքից մոտ մեկ ժամ անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից: Արգիշտիի փողոց մեկնած քրեական հետախույզներն ուսումնասիրել էին բնակարանը, արձանագրել՝ տուժողին որտեղ են կապել, որտեղից են հափշտակել փողը, զրուցել օտարերկրացու հետ: Հանցագործների արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո որոնողական աշխատանք էր սկսվել:

Անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն Պատկանյան և Շենգավիթի 11-րդ փողոցների երկու բնակիչ, որոնցից մեկը՝ 29-ը, մյուսը՝ 22 տարեկան:

Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 29-ամյա տղամարդուն իրավապահները նույն օրը հայտնաբերել էին Տոլստոյի փողոցում և բերման ենթարկել բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ատրճանակն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: