Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Գործող օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել ԱԺ-ի՝ հունվարի 18-ի նիստում։ Նոր փոփոխությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի իրավախորհրդատու, իրավական ռիսկերի կառավարիչ Լևոն Սահակյանի հետ։
- Պրն Սահակյան, 2022 թ-ի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Ստվերի դեմ պայքարում այս օրենքի շոշափելի արդյունքները ե՞րբ տեսանելի կլինեն։
- «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի առաջին և ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է: ՀՀ քաղաքացիները անկանխիկ վճարելու ցանկության դեպքում պետք է ունենան դրա հնարավորությունը, իսկ տնտեսավարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը պետք է ապահովի այդ իրավունքի պատշաճ իրացումը: Օրենքն ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ դրական ազդեցություն: Երկարաժամկետ կտրվածքով օրենքը նպաստելու է երկրում թվայնացման գործընթացին, անկանխիկ շրջանառության աճին, արդյունքում՝ ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացում, աղքատության նվազեցում:
Միևնույն ժամանակ, քանի որ ստվերային տնտեսության կրճատման նպատակը Կենտրոնական բանկի անմիջական իրավասությունների շրջանակից դուրս է, արդյունքների տեսանելիության ժամկետների մասին հավելյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող:
- Քարտային գործարքների անցնելու դեպքում քաղաքացիները ստիպված են լինելու նաև սպասարկման վճարումներ կատարել։ Հաշվարկ կա՞՝ մոտավորապես որքան կլինի սպասարկման վճարների տարեկան չափը։
- Նման հաշվարկներ դեռևս արված չեն, քանի որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ ծավալների շրջանառության մասին է խոսքը: Միաժամանակ, պետք է նշել, որ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ԿԲ-ն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքով սահմանված անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև՝ դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ: Ավելին, անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են միջնորդավճարները նվազեցնելու համար ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ: Համենայն դեպս, մի բան հստակ է՝ անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին վճարելու է նույն գինը, ինչ՝ կանխիկի դեպքում: Այս առումով քաղաքացին չի տուժելու:
Հարցը հստակ կարգավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով, որի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները և փաստաբաններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող ապրանքների, գույքի օտարման, ապրանքների, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):
- Ավտոմեքենաների, բնակարանների առքուվաճառքի գործարքների դեպքում ինչպե՞ս է կատարվելու վերահսկողությունը, որ դրանք կատարվեն անկանխիկ տարբերակով։ Մյուս գործարքների դեպքում ևս վերահսկողության խնդիրներ չկա՞ն: Խախտումների դեպքում պատասխանատվության ի՞նչ միջոցներ կան։
- Վերահսկողությունն իրականացվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դրույթներով։ Ինչ վերաբերում է խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներին, նշենք, որ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից խախտման դեպքում կիրառվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն, ֆիզիկական անձանց կողմից խախտման դեպքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Մարիամ Սարգսյան