Հասարակություն

Երևանի քաղաքապետը Գյումրիում է. օգոստոսին նախատեսվում է քաղաքում Երևանի օրեր անցկացնել

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
 
Վարդգես Սամսոնյանը և Հրաչյա Սարգսյանը շրջել են Գյումրիում, խոսել Գյումրի-Երևան համագործակցային ծրագրերից, անհրաժեշտ միջոցներից և առաջիկա անելիքներից: Օգոստոսին նախատեսվում է Գյումրիում անցկացնել Երևանի օրեր, որի շրջանակներում իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր:
 
Օգոստոսի 26-27-ը Գյումրին իր հարկի տակ կընդունի Երևանից ժամանող խմբերին և ամենատարբեր ծրագրերով Գյումրի այցելող հյուրերին:
 
Տոնավաճառներ, համերգային ծրագրեր ու մշակութային մի շարք այլ միջոցառումներով օգոստոսի 26-ին կտրվի համագործակցային ծրագրերի մեկնարկը: Օգոստոսի 27-ին Գյումրին կնշի իր տոնը. երկու քաղաքների փոխգործակցության արդյունքում ձևավորված մշակութային բազմաբնույթ միջոցառումների վերջին ակորդը կտրվի օգոստոսի 27-ին Վարդանանց հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Անցկացվելիք միջոցառումների, դրանց առնչվող կազմակերպչական այլ մանրամասներ կքննարկվեն ու կներկայացվեն առաջիկայում:
 
Երկու քաղաքների համագործակցությունները այսքանով չեն սահմանափակվի, նախատեսվում են համագործակցային այլ ծրագրեր ևս իրականացնել: