Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը սպառողներին տեղեկացրել է, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվում է։ Ընկերությունը հաղորդագրություններից մեկում հայտնել էր, որ ջրամատակարարումը դադարեցվում է՝ պայմանավորված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներով։
Radar Armenia-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը ներկայացրեց ջրանջատման պատճառները, սակայն չնշեց ՀԷՑ-ի աշխատանքների մասին. «Վթարներ են տեղի ունենում։ Մենք ունենք ավելի քան 10.000 կմ ջրագծեր, մի քանի հարյուր ինժեներական կառույցներ, այդ թվում՝ ջրաղբյուրներ, պոմպակայաններ, քլորակայաններ։ Ունենք մի քանի հազար փականային հանգույցներ, որտեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, հատկապես, որ տեխնիկա է օգտագործվում, իսկ տեխնիկան, որքան էլ ցավալի է, վթարվելու հատկություն ունի»։
Սարգսյանը նաև հավելեց, որ ջրանջատումների մասին պարտադիր տեղեկացնում են՝ կենցաղային անհարմարություններից քաղաքացիներին զերծ պահելու համար. «Մենք նոր ջրագծեր ենք կառուցում, խոշոր գործ պետք է արվի համակարգում, և քանի որ դա վթար չէ, մենք հայտարարում ենք որպես պլանային ջրանջատում՝ դրա մասին երեք օր առաջ կայքում տեղեկություն հրապարակելով։ Ամեն մարդու տուն մտնել կամ զանգահարել՝ ասելով, որ ջրանջատում կլինի, հնարավոր չէ։ Կգտնվեն քաղաքացիներ, որոնք կբողոքեն. մենք ունենք 605 հազար բաժանորդ, սպասարկում ենք 380 բնակավայր»։
Նրա խոսքով՝ ջրանջատումներից հետո ջրամատակարարման համար երբեմն մի քանի ժամ է պահանջվում, մինչև համակարգը ջուր է լցվում. «Մենք ջրամատակարարման մասին հայտարարում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք դա, բայց թե քաղաքացիները երբ կստանան ջուրը, այլ խնդիր է։ Նրանք, ովքեր ջրագծերին մոտ են, արագ են ստանում։ Մեր համակարգն այդ առումով շատ խոցելի է, քանի որ եթե էլեկտրաէներգիայի դեպքում կարող է 300 հզ կմ/վ արագությամբ հոսանքը հասնել սպառողին, ջրամատակարարման համակարգում, անգամ, եթե ժամանակին վթարը կարգավորվում է, և ջրամատակարարումը սկսվում է, դա հնարավոր չէ արագ իրականացնել»։
Radar Armenia-ն այս հարցով դիմել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որտեղից հայտնեցին, որ մեկնաբանություն կներկայացնեն ավելի ուշ։
Հանրային ծառայությունների ոլորտը Հայաստանում համակարգվում է հատուկ հանձնաժողովի կողմից, որը ոչ միայն պատասխանատու է գների բարձրացման կամ նվազեցման հարցերի համար, այլև պետք է հետևի ընկերությունների աշխատանքի պատշաճ կատարմանը։ Այս համատեքստում Radar Armenia-ն զրուցեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ։ Ըստ նրա՝ երկու ընկերություններից որևէ մեկը որևէ դիմում-բողոք չի ներկայացրել ՀԾԿՀ. «Երբ խնդիր է առաջանում, բնականաբար, հանձնաժողովում քննարկումներ են սկսվում։ Եթե երկու ընկերություններից մեզ դիմեին, և քննարկումներ ունենայինք, դա անպայման կհանրայնացվեր։ Եթե խնդիրը շարունակական լինի, մենք, բնականաբար, կարձագանքենք, ինքներս կնախաձեռնենք։ Պարտադիր չէ, որ ընկերությունները մեզ դիմեն»։