Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով՝ կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարկեները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանն ու Լուսինե Մանուկյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում է հայտնվել: Այս պահին պարեկներն սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկան մոտենա և մեքենան դուրս բերեն անվտանգ գոտի: