Հասարակություն

Վառելիքը թանկացել է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում և Ադրբեջանում (ԹՎԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ)

Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ ամբողջ աշխարհը բախվել է վառելիքի գների շեշտակի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում Հայաստանը նույնպես բացառություն չէ, որտեղ բենզինը, դիզվառելիքն ու հեղուկ գազը էականորեն թանկացել են։ Այս թանկացումն իր հերթին բերում է շղթայական գնաճի։ Radar Armenia-ն ներկայացնում է վառելիքի գները Հայաստանում՝ ի համեմատություն հարևան Վրաստանի ու Ադրբեջանի։

Ի համեմատ նախորդ տարվա՝ Հայաստանում բենզինի գները բարձրացել են շուրջ 60-65%-ով։ Երևանի բենզալցակայաններում բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի գներն այս տեսքն ունեն` 1 լիտրի դիմաց.

  • «Ռեգուլյար» - 510-520 դրամ
  • «Պրեմիում» - 530-540 դրամ
  • «Սուպեր» - 800-850 դրամ
  • Դիզվառելիք – 670-680 դրամ
  • Հեղուկ գազ – 180-200 դրամ

Ի տարբերություն Հայաստանի՝ հարևան Վրաստանում վառելիքի գները որոշ չափով ավելի բարձր են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկ տարում Վրաստանում բենզինի գները բարձրացել են ավելի քան 50%-ով.

  • «Ռեգուլյար» - 1.23 եվրո (550 դրամ)
  • «Պրեմիում» - 1.28 եվրո (570 դրամ)
  • Դիզվառելիք - 1.38 եվրո (616 դրամ)
  • Հեղուկ գազ – 0.7 եվրո (312 դրամ)

Գնաճը չի շրջանցել նաև Ադրբեջանին, որն ունի վառելիքի սեփական արտադրություն և, անգամ, խոշոր արդյունահանում։ Նախորդ տարվա համեմատ՝ 1 տարում այստեղ բենզինի գները բարձրացել են ավելի քան 12%-ով, դիզվառելիքինը՝ 13%-ով, իսկ գազինը՝ 63%-ով։

  • «Ռեգուլյար» - 0.879 եվրո (392 դրամ)
  • «Պրեմիում» - 1.043 եվրո (465 դրամ)
  • Դիզվառելիք – 0.439 եվրո (196 դրամ)
  • Հեղուկ գազ – 0.357 եվրո (159 դրամ)