Հասարակություն

Հայաստանում սով չի սպասվում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչությունից վստահեցնում են՝ ՀՀ-ում սովի սպառնալիք չկա և առաջիկայում չի կանխատեսվում։

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից մեկնաբանել են. «Սա հիմնավորվում է նրանով, որ էկոնոմիկայի նախարարության օպերատիվ վերլուծության արդյունքներով՝ 2021-ին բարձր և միջին ինքնաբավության մակարդակ ենք ապահովել. մրգերը՝ շուրջ 108,6%, բանջարեղենը՝ շուրջ 104,0%, ոչխարի և այծի միսը՝ 100,4%, ձուն՝ 99,7%, տավարի միսը՝ 93,9%, կաթնամթերքը՝ շուրջ 84%, խոզի միսը՝ 61,2%։ Դրանց սպառման պահանջարկը հիմնականում ապահովվում է տեղական արտադրության հաշվին»։

Միաժամանակ, նախարարությունից տեղեկացրել են, որ մի շարք կարևորագույն սննդամթերքներ ունեն ցածր ինքնաբավություն, որոնց թվում է ցորենը, բուսական յուղը, թռչնամիսն ու շաքարը. «Ցորենի ինքնաբավությունը շուրջ 26,4% է, բուսական յուղինը՝ 1,1%, թռչնի մսինը՝ 25,6%, շաքարինը՝ 36,8% (եթե հաշվի առնենք, որ շաքարն արտադրվում է ներմուծված կիսաֆաբրիկատներով, շաքարի ինքնաբավությունը կկազմի 0%), որոնց պահանջարկը հիմնականում ապահովվում է ներկրման հաշվին»:

Նախարարությունից մանրամասնել են, որ պարենային անվտանգության ապահովման համատեքստում, հաշվի առնելով ինքնաբավության ցածր մակարդակը, ՀՀ բնակչությանը կայուն ապահովման անհրաժեշտություն է առաջանում ցորենի, եգիպտացորենի, շաքարի, բուսական յուղի և թռչնամսի մասով. «Այդ նպատակով, ԵԱՏՄ շրջանակներում, երկրի համար հաստատվում են տարեկան ներմուծման քվոտաներ, որոնց շրջանակներում երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով կարող է ներմուծվել խոզի և թռչնի միս, շաքար, իսկ հացահատիկի մասով, ԵԱՏՄ հարթակում կայացված որոշումների հիման վրա, դրա հիմնական մատակարար ՌԴ-ից ներմուծման սահմանափակումներ չեն գործում»:

Նախարարությունից վստահեցրել են, որ Պարենային անվտանգության համակարգի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։

Մարիամ Սարգսյան