Վերջին օրերին քննարկումների օրակարգում համաշխարհային սովի ռիսկերն են։ ՌԴ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն իսկապես ցանկանում են լուծել համաշխարհային սովի խնդիրը, պետք է չեղարկեն պատժամիջոցները։ ԵԽ նախագահ Շառլ Միշելն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամ հրահրելու մեջ։
Այս համատեքստում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանին վերաբերող հնարավոր ռիսկերին, նշեց՝ Հայաստանի մեծագույն խնդիրը հացահատիկային տնտեսության ոլորտում տիրող իրավիճակն է. «Մենք տարիներ շարունակ չենք կարողացել ապահովել ինքնաբավության բարձր մակարդակ, ավելին՝ վերջին տարիներին և՛ ցանքատարածությունների, և՛ համախառն բերքի արտադրության շարունակական անկում է գրանցվում։ Այսօր ինքնաբավության մակարդակը 25%-ից ցածր է, իսկ Հայաստանի նման երկիրը, որը շրջափակումների մեջ է և կոմունիկացիաների խնդիրներ ունի, պետք է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկի՝ հետագա հնարավոր լուրջ խնդիրների առաջ չկանգնելու համար»։
Պետրոսյանի խոսքով՝ չենք կարող կարճ ժամանակում մեծ փոփոխություններ ակնկալել, բայց աստիճանաբար՝ 2-3 տարվա ընթացքում, կարելի է էականորեն ինքնաբավության մակարդակը բարձրացնել և շատ ավելի բարենպաստ վիճակ ունենալ երկրում։
Պետրոսյանն ընդգծեց՝ քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են, և պետք է փորձել սեփական ռեսուրսներն օգտագործել. «Բազմիցս նշել ենք, որ մեր վարելահողերի ընդամենը 50%-ն է օգտագործում, իսկ մյուս կեսի օգտագործման արդյունավետությունն էլ կասկածելի է։ Պետք է ունեցած հնարավորություններն օգտագործել։ Եթե ավելացնենք ցանքատարածությունները, պետությունն աջակցի, կկարողանանք մեր խնդիրները լուծել, ու սով չի սպառնա։ Չենք օգտագործում հողը, հետո մտածում ենք ծանր հետևանքների մասին»։
Ինչ վերաբերում է առաջնային սպառման պարենի մյուս տեսակներին, մասնագետը նշեց, որ նաև բուսական յուղի գրեթե ամբողջ պահանջարկն է բավարարվում ներկրումներով, հետևաբար, պետք է ունենալ տևական ժամանակահատվածի համար պահուստային պաշարներ. «Նաև կարագի, շաքարավազի պահուստային պաշարները պետք է ապահովել, որ հնարավոր լինի զսպել կտրուկ գնաճը։ Հատկապես սոցիալապես անապահով խավին շատ լուրջ հարված է հասցնում այն։ Այժմ կարտոֆիլի խնդիրն է սրված։ Հիմա շուկայում կարտոֆիլի աննախադեպ բարձր գին է, մենք երբևէ հետխորհրդային ժամանակահատվածում նման իրավիճակ չենք ունեցել։ Ամենահասանելի մթերքներից էր։ Սա պետք է հատուկ քննարկման առարկա դառնա»։
Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի պաշարներին՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարարն ընդգծեց, որ արտադրության գրեթե ողջ պահանջարկն ապահովվում է, և, դեռ ավելին, կա արտահանում։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից էլ Radar Armenia-ին տեղեկացրին՝ ՀՀ-ում սովի սպառնալիքի ռիսկ չկա և առաջիկայում չի լինի։
Մարիամ Սարգսյան