Ոռոգման նպատակով այս տարի թույլատրվել է Սևանա լճից մինչև 170 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել։ ՀՀ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին թույլատրվել է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասնեց այս որոշումը՝ օրենքով սահմանված կարգով Սևանա լճից բաց թողնվող 170 մլն խ/մ-ն առավելագույն ջրի ծավալն է, և եթե որոշվի դրանից ավել ջուր բաց թողնել, պետք է օրենքում փոփոխություններ մտցվեն, որն ԱԺ-ում ընդունելուց հետո արդեն կարող են սկսել հավելյալ ջրառ իրականացնելը. «Անցած շաբաթ ՀՀ Կառավարությունը հաստատել է մինչև 170 մլն խ/մ ջրառի չափաքանակ։ Ամբողջ խնդիրն այն է, որ ողջ տարվա ընթացքում լիճը ոչ մի օր դրական հաշվեկշիռ չի ունեցել: Հունիսի 6-ի դրությամբ լճի մակարդակը 18 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից։ Երբ ջրառն իրականացնեն, բնականաբար, լճի մակարդակը շարունակելու է իջնել, որովհետև ամառ է, ոռոգում է լինելու, գետերն ավելի սակավաջուր են դառնալու, գոլորշիացում է լինելու»։
Բուռնազյանի խոսքով՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, մինչև որոշման նախագիծը ՀՀ Կառավարության նիստ բերելը, առաջարկել է Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանել 135 մլն խ/մ, ինչը հաշվի չի առնվել. «Լիճը շատ անկայուն էկոլոգիական վիճակում է, էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է: Լճում ընթանում են ճահճացման գործընթացներ։ Իրենք գրում են, որ մինչև 170 մլն խ/մ են բաց թողնելու, բայց երբ կարդում ենք իրենց հաշվարկները, թե մնացած ջուրը որտեղից են վերցնելու, ստացվում է, որ 170 մլն խ/մ-ը Սևանից են վերցնելու, մնացածը՝ ջրամբարներից, Մխչյան, Ռանչպար, Արևշատ պոմպակայաններով են ջուր մղելու։ Այս ամենով հանդերձ՝ պահանջվող ջրի ծավալը 424 մլն խ/մ է, բայց իրենք այդ 424 մլն-ը չեն կարողանալու բավարարել և ունենալու են 18 մլն խ/մ ջրային դեֆիցիտ։ Այդ հաշվարկներում հաշվի չեն առնվել եղանակային պայմանները: Միգուցե մենք ունենանք երաշտային տարի, տեղումներ չլինեն, և կրկին որոշվի ոռոգման ջրի պակասը լրացնել Սևանա լճից հավելյալ ջրառի հաշվին, ինչն աղետալի կլինի լճի համար»։
Նրա խոսքով՝ անցյալ տարի «ԷկոԼուր» ՀԿ-ն հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ կապված Արարատյան դաշտում արտեզյան ավազանի ջրօգտագործման հետ. «Սևանա լճի ջուրը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար, պարզվում է, որ 2021թ. դեկտեմբերի դրությամբ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանից միայն ձկնաբուծության նպատակով իրականացվել է շուրջ 760 մլն խ/մ ջրառ, իսկ ոռոգման համար՝ շուրջ 137 մլն խ/մ, այսինքն, այդ հսկայական ջրային ռեսուրսը ուղղվում է ձկնաբուծարաններին, դրանցից հետո դրենաժային համակարգերով գնում է Արաքս գետ և հոսում հարևան երկիր, իսկ Սևանա լիճը, որը գտնվում է խիստ ծանր վիճակում, 170 մլն խ/մ ջուրը ենք վերցնում, որ տանք Արարատյան դաշտին՝ չհաշված ջրակորուստները։ Այսպես, մենք լճի վիճակը վատթարացնում ենք»։
ՀՀ Կառավարության այդ որոշմամբ համապատասխան մարմնին հանձնարարվել է ոռոգման լրացուցիչ աղբյուրներ որոնել։ Բուռնազյանը նշեց. «Լրացուցիչ աղբյուրները ստորգետնյա ջրերն են: Պետք է խորքային հորեր հատեն և ջուր հանեն, եթե ջրամբարների ջուրը չբավականացնի, չլինեն անձրևներ, և գետերում ջուր չլինի։ Տարիներ շարունակ ոռոգման համակարգում ջրակորուստները հասնում էին մինչև 80%-ի, հիմա, ըստ պաշտոնական թվերի, 40-45%- են կազմում»։
Ըստ Բուռնազյանի՝ անհրաժեշտ են արմատական միջոցառումներ՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, դրանց օգտագործման առաջնահերթությունների սահմանման, ջրակորուստների նվազեցման, ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև՝ կեղտաջրերի մաքրման համար:
Անուշ Մկրտչյան