Հասարակություն

«Եթե գնաճին համապատասխան կենսաթոշակների ինդեքսացիա արվեր, կծափահարեի»․ Ատոմ Մարգարյան

Կառավարությունը հաստատել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը։ Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ անկանխիկ գործարքների հանրագումարից։ Համաձայն որոշման՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՊՏՀ «Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց՝ դա հատվածական, ինչ-որ շահերի ծառայող որոշում է։ «Թոշակառուները կարող են ինչ-որ բոնուսներ ստանալ, բայց ֆունդամենտալ խնդիրը նման խուճուճ որոշումներով լուծվել չի կարող։ Պետք է ինդեքսավորել կենսաթոշակները՝ գնաճի տեմպերին համապատասխան։ Եթե Կառավարությունը գնաճին համապատասխան կենսաթոշակների ինդեքսացիա աներ, ես կծափահարեի։ Հատկապես այն խոշոր առևտրային ցանցերը, որոնք հիմնականում սպառողական ապրանքների զամբյուղի շրջանառություններն են գեներացրել, շահելու են։ Թոշակառուի համար դրա նշանակությունը չնչին է, որովհետև կենսաթոշակներն են չնչին՝ համեմատած գնաճային ճնշումներին»։ 

Ըստ տնտեսագետի՝ այս շրջանառություններից շահելու են այն խոշոր համակարգերը, որոնք ունեն տերմինալներ, տեխնիկական համակարգեր, որոնցով սպասարկելու են գործընթացը։ «Դրանից տուժելու են փոքր ու միջին բիզնեսները, այն խանութները, կրպակները, որոնք տեխնիկական հագեցվածություն չունեն։ Բացասական հետևանքներից մեկը սա է լինելու։ Այս որոշումն ուղղակի առիթ է խոսելու այն ֆունդամենտալ խնդիրների մասին, որոնց ուղղությամբ այս Կառավարությունն արդեն 4-րդ տարի աշխատում է՝ դեռևս որակական լուրջ, հիմնավոր լուծումներ չտալով»։ 

Այս ամենին զուգահեռ, Մարգարյանի խոսքով, պետք է հասկանալ՝ ինչպես են կառավարվում կենսաթոշակային կուտակային ֆոնդերը, որտե՞ղ են շրջանառվում, ինչո՞ւ չեն ներդրվում ՀՀ տնտեսության մեջ, ինչո՞ւ չեն դառնում ներդրումների աղբյուրներ։ «Սա լուրջ հարց է, առնչվում է ապագա կնսաթոշակառուներին, բայց վաղվա օրը գալու է։ Էպիզոդիկ որոշումներով շատ հեռու չեն գնա։ Ֆորմալ կենսաթոշակի բարձրացում է, բայց պետք է ոչ թե անուղղակի, այլ ուղղակի բարձրացնել այն։ Չէ՞ որ այդ մարդկանց ձայների մի զգալի մասով են այս իշխանություները ձևավորվել։ Սոցիալական պետությունն այսպե՞ս են պահում»։ 

Մարիամ Սարգսյան