Հասարակություն

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է:

ՔԿ-ից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական