Հասարակություն

Ազգային ժողովում կազմակերպվել է արցախցի կանանց կողմից ստեղծված արտադրանքի ցուցահանդես

2021 թ. հունվարին մի խումբ հայուհիներ ստեղծել են «Կարի հույս Հայաստանի համար» հասարակական կազմակերպությունը՝ որպես սոցիալական ձեռնարկություն՝ օգնելու այն կանանց, ովքեր 44-օրյա պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին կամ պատերազմի ընթացքում վերջիններս անաշխատունակ են դարձել:  «Sewing Hope for Armenia» ընկերությունն այսօր ապահովում է կայուն աշխատանք 14 արցախցի կանանց՝ սովորեցնելով նրանց պայուսակներ, նորաձևության աքսեսուարներ և տան դեկորի արտադրանք ստեղծելու հմտությունները, որոնք իրենց վրա կրում են հայկական արվեստին բնորոշ զարդանախշեր:

Նախագծի հիմնական գաղափարը և կանանց կողմից ստեղծված արտադրանքը հասարակության ավելի լայն խմբերին ներկայացնելու նպատակով մայիսի 18-ին Ազգային ժողովի նախասրահում կազմակերպվել է արցախցի կանանց արտադրանքի ցուցահանդեսը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ խորհրդարանում ցուցահանդեսներ հաճախ են լինում, սակայն ներկայացված աշխատանքները յուրահատուկ են:

«Այս ցուցադրությունը հայ կնոջ ուժի, ստեղծարար մտքի, դժվարագույն ժամանակներում ապրելու, հույս ներշնչելու նրանց գերբնական ունակության մասին է»,- ասել է նա:

Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ «Կարի հույս Հայաստանի համար» ՀԿ-ն լավագույն միտքն է, որ պետք է միավորի բոլորին՝ հաղթահարելու դժվարություններն ու կերտելու ամուր և համերաշխ պետություն:

«Sewing Hope For Armenia» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արեգ Խաստուրեցին, ներկայացնելով սոցիալական ձեռնարկության ստեղծման պատմությունն ու նպատակը, նշել է, որ հիմքում եղել է՝ կանայք օգնում են կանանց գաղափարը: Հատուկ այդ նպատակով էլ տեղադրվել է 10 կարի մեքենա, որը կանանց կապահովի աշխատանքով և հնարավորություն կտա գունազարդ ազգային գործվածքից պայուսակներ և աքսեսուարներ պատրաստել՝ լինելով իրենց մշակութային ժառանգության և արհեստագործության դեսպանները: