Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է քաղաքացին շենքի բարձր հարկից աղբի պարկը ցած նետում։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Radar Armenia-ին տեղեկացրին՝ տեսանյութը տարածվելուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները՝ Կոմունալ տնտեսության վարչությունը և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինը օրենքով թույլատրված վարչարարություն իրականացնելու նպատակով մեկնել են դեպքի վայր. «Սա, բնականաբար, անհետևանք չի մնա, կլինի նաև վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն։ Քաղաքապետարանը զբաղվում է այդ գործով, ամեն ինչ հսկողության տակ է, և անպայման համապատասխան քայլեր կարվեն»։
Նաև տեղեկացանք, որ պարկի մեջ եղել են գրքեր, ոչ թե՝ շինարարական կամ կենցաղային աղբ, իսկ արարքի հեղինակը, նախնական տեղեկություններով, նախատեսել էր մաքրել տարածքը. «Բոլոր դեպքերում պատիժն անխուսափելի է լինելու, որովհետև դա արգելված գործելաոճ է՝ անվտանգության կամ չսահմանված գործողություն լինելու տեսանկյունից»,- հայտնեցին քաղաքապետարանից։
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից նաև հայտնեցին, որ տվյալ դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է համապատասխան տույժ, իսկ քանի որ ոլորտը սանմաքրման հետ է կապված, Երևանի քաղաքապետարանն ունի անմիջական գործառույթներ։
Անուշ Մկրտչյան