Հասարակություն

Ռուսական ռուբլին սկսել է աճել. ո՞րն է պատճառը

Ռուբլու փոխարժեքը սկսել է բարձրանալ. փոխանակման կետերում այն գնում են միջինը 6,27, վաճառվում՝ 7,28 դրամով։ Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ռուբլու արժևորումը կամ դրամի արժեզրկումը ռուբլու նկատմամբ պայմանավորեց մի քանի գործոններով. «Անցած տարի Ռուսաստանից ներկրվող էներգակիրների համար վճարում էինք դոլարով, հիմա՝ ռուբլով։ Մեր ներքին շուկայում ռուբլու նկատմամբ պահանջարկը մեծացել է, ինչը, բնականաբար, հանգեցնում է ներքին շուկայում ռուբլու նկատմամբ դրամի արժեզրկման»։ 

Տնտեսագետ կարծիքով՝ ռուբլու նկատմամբ պահանջարկը ավելացել է ոչ միայն Հայաստանի, այլև՝ համաշխարհային շուկայում, քանի որ մի շարք երկրներ առևտուր իրականացնում են ռուբլով. «Էներգակիրների գները երկու ամսվա ընթացքում բավականին բարձրացել են, Ռուսաստանն էլ հանդիսանում է խոշոր էներգակիր արտահանող երկիր և որոշակի սահմանափակումներ է մտցրել դոլարի մասով, այսինքն, դոլար հնարավոր չէ Ռուսաստանից հանել, բայց ռուբլի հնարավոր է արտահանել, և Հայաստանի հետ առևտուրը հիմա իրականացվում է ռուբլով։ Մի շարք երկրների մասով կա ռուբլով վճարման համակարգ, որը պահանջարկ է ստեղծում ռուբլու նկատմամբ»։

Պարսյանը հնարավոր համարեց ռուբլու է՛լ ավելի արժևորումը՝ դրամի նկատմամբ. «Դա կախված է նաև տնտեսական իրավիճակից։ Այս պահի դրությամբ մեր դրամի արժեզրկումը շարունակվում է։ Տարբեր կանխատեսումներ կան, որոնց համաձայն՝ դրամը բավականին թույլ դիրքեր ունի։ Մենք ստիպված են լինելու լրացուցիչ պարտք վերցնել։ Մեր տնտեսությունը այս պահին դեռևս գտնվում է ցնցումների մեջ, և, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, տնտեսական պատժամիջոցները երկու ամսով չեն ավարտվելու, տարիներ են տևելու։ Մենք երկու-երեք ամսից կզգանք Ռուսաստանի ազդեցությունը մեզ վրա»։

Անուշ Մկրտչյան