2022թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 864 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 69, մարմնական վնասվածքներ ստացել՝ 1279 մարդ։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից։
Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ վազանցն արգելվում է կարգավորվող խաչմերուկներում, հետիոտնային անցումներում, կամուրջներում։ Չնայած այս արգելքին՝ մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է ականատես լինել վազանցների, ինչի արդյունքում վտանգվում է երթևեկությունը։ Ոստիկանությունից սրա մասին, մեր հարցին ի պատասխան, տեղեկացրել են՝ խաչմերուկներում և հետիոտնային անցումներում վազանց կատարելու նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է նույն եղանակներով, ինչ՝ մյուս իրավախախտումների դեպքում։
Երթևեկության մեջ գտնվող օտարերկրյա համարանիշներով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը նույնպես իրականացվում է նույն եղանակներով, ինչ՝ ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ. «Բացառությամբ, երբ տրանսպորտային միջոցը ՀՀ տարածք ներմուծած անձը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, և նրա կողմից թույլ տրված իրավախախտումը հայտնաբերվել է տեսալուսանկարահանող արագաչափ սարքերի միջոցով, որի պարագայում նրա նկատմամբ կայացված վարչական ակտի ծանուցումն իրականացվում է սահմանահատման ժամանակ»։
Անուշ Մկրտչյան