Հասարակություն

Համագործակցություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային արխիվի միջև

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով երկարաժամկետ համագործակցություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը:

Կառույցների պատասխանատուների նշմամբ՝ սույն հուշագիրը ենթադրում է երկարաժամկետ համագործակցություն՝ Ազգային արխիվի «Կինոֆոտոֆոնո» փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղում պահպանվող հայկական կինոնկարների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն, խրո­նիկալ) պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ։

Շ․ Միրզախանյանի տեղեկացմամբ՝ «Հայ կինոյի 100-ամյա» հոբելյանին ընդառաջ, համագործակցությունը կսկսեն անցյալ դարասկզբի հայկական կինոարտադրանքի՝ Համո Բեկնազարյանի համր ֆիլմերի (ժապավենների) վերականգնման, թվայնացման աշխատանքներից։ Նրա համոզմամբ՝ անելիքները շատ են ու չափազանց կարևոր, և այս հուշագրի ստորագրումը մեծապես կնպաստի այդ աշխատանքների իրականացմանը։

Գրիգոր Արշակյանի նշմամբ էլ՝ «Կինոֆոտոֆոնո» արխիվում պահպանվող հազարավոր նյութեր կարիք ունեն լուրջ ուսումնասիրության և հանրայնացման։

Այսպիսով՝ հուշագրով նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ Ազգային արխիվի պահոցներում գտնվող հայկական տեսալսողական ֆիլմերին, հին ժապավեններին և լուսանկարներին: Դրանք հանձնվելու են պրոֆեսիոնալ մշակման՝ դյուրացնելով հայկական կինոնկարների հետագա ներկայացվածությունը:

Որպես հուշագրի ստորագրման խորհուրդ Ազգային արխիվը Կինոկենտրոնին է նվիրաբերել 1923 թվականի ապրիլի 16-ին «Հայ կինոյի ստեղծման» որոշման պատճենը։