Հասարակություն

Առողջապահության նախարարությունը կհամագործակցի «ՀԵՆԱՐ» հիմնադրամի հետ

«ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության միջև ապրիլի 25-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր երկարաժամկետ համագործակցություն սկսելու մասին։ 

«ՀԵՆԱՐ» հիմնադրամի և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցությունը մասնավորապես կենտրոնանալու է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների, առողջապահական աշխատուժի զարգացման, ինչպես նաև թվային գործիքների մշակման և ներդրման վրա։

««ՀԵՆԱՐ» հիմնադրամը վճռական է առողջապահության ոլորտում վերափոխումներին աջակցելու և վերջիններս խթանելու իր առաքելության մեջ: Մենք լիահույս ենք, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ գործունեության շնորհիվ կկարողանանք հասնել լավագույն արդյունքների այս բարեփոխումների գործում»,- նշել է հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը

ՀԵՆԱՐ հիմնադրամն Առողջապահության նախարարությանն աջակցելու է հետևյալ գործառույթներում. 

Թեմատիկ ոլորտներում բացերի գնահատում և լավագույն փորձի դիտարկում, 

Առաջարկությունների և գործողությունների ծրագրերի մշակում, 

Համատեղ ծրագրերի իրականացում՝ փորձագետների և աջակիցների ցանցի ներգրավմամբ, 

Պետական-մասնավոր գործընկերության ձևաչափի զարգացում։