Հասարակություն

«Հարցը վաղուց ՀՀ պետականությունը պահպանել-չպահպանելու մասին է». Արեգ Քոչինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում փոխանցեց միջազգային հանրության ուղերձը՝ «իջեցրեք Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը, և մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ»։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանը տեսակետ հայտնեց, որ իշխանությունը վերջապես սկսել է հասարակության հետ անկեղծ խոսակցություն վարել իրողությունների, արցախյան բանակցությունների իրական ընթացքի վերաբերյալ, և իրականությունը մատուցում է՝ առանց «գեղեցկացնելու» կամ ավելի բարվոք ներկայացնելու փորձերի, ինչը շատ կարևոր է. «Սա մեր հասարակությանը հնարավորություն կտա՝ վերադառնալ իրականության դաշտ և ցանկալին իրականի հետ չշոփոթել։ Այն, ինչ մեզ փոխանցում է վարչապետը՝ միջազգային հանրության տեսանկյունից ամբողջությամբ գտնվում է ռեալ պոլիտիկի և իրատեսության սահմաններում։ Բնական է, որ ոչ ոք մեզ չի փորձելու պաշտպանել մեր փոխարեն, և ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու»։

Ըստ Քոչինյանի՝ պատերազմում կրած պարտությունից հետո անտրամաբանական էր կարծելը, թե Հայաստանի պահանջներն ու ակնկալիքները կարող են լինել նույնը, ինչ՝ մինչ պատերազմն էին. «Միջազգային հանրությունը հենց դա է փորձում հասկացնել ՀՀ-ին։ Եթե չփոխենք մեր ակնկալիքները, կմնանք միայնակ։ Սպասելիքները վերանայելու դեպքում, հնարավոր է, ՀՀ-ն սպասվելիք գործընթացներում ունենա որոշակի դաշնակիցներ։ Անհնար է պահել նույն ակնկալիքներն ու պահանջները, որոնք կային պատերազմից առաջ, երբ դիրքերն անհամեմատելի էին այժմվա դիրքերի հետ»։

Քաղաքագետը նշեց՝ երբ քաղաքական տարբեր գործիչներ հրապարակներում, ԱԺ-ում են խոսում «կարմիր գծերից», իր մոտ տպավորություն է, թե նրանք տառապում են «քաղաքական դալտոնիզմով» և «կարմիր գծերը» շփոթում են «վարդագույն գծերի» հետ. ««Կարմիր գծերն» այն գծերն են, որոնցից անդին ոչ թե չես կարող զիջել, այլ որոնք ունակ ես պահել։ «Կարմիր գիծը» չի կարող անցնել այնտեղով, որը դու ունակ չես պահելու, դա «վարդագույն գիծն» է։ Ինձ թվում է՝ այս պահին իշխանության ամենամեծ առաքելությունը պետք է լինի՝ հասարակությանը կարմիր և վարդագույն գծերի տարբերությունը մատնանշելը։ «Վարդագույն գիծն» Արցախի նույն կարգավիճակն է, որի մասին խոսում էինք մինչև պատերազմը»։

Հարցին՝ նշված նշաձողի իջեցումն արդյոք կարող է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, Քոչինյանն արձագանքեց, որ հիմա հարցը ոչ թե արցախցու անվտանգ ապրելն, է այլ ՀՀ պետականությունը։ «Իրականում մեր խնդիրները շատ ավելի լուրջ են և օրհասական, քան շատերին թվում է։ Հարցը վաղուց Արցախի և արցախցիների մասին չէ, ՀՀ պետականությունը պահպանելու կամ չպահպանելու մասին է»։

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը՝ Քոչինյանն ասաց, թե երեք տարբերակ է տեսնում. «Առաջինը՝ եթե ռուսական կոնտիգենտը շարունակում է մնալ այնտեղ, ապա, ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ տարածք շարունակելու է մնալ այդ կոնտիգենտի վերահսկողության ներքո, և այդ տարածքում բնակչությունն անվտանգ ապրել կկարողանա։ Երկրորդ տարբերակը՝ եթե ռուսական խաղաղապահ կոնտիգենտը սեփական ցանկությամբ կամ ՌԴ-ի ծայրահեղ թուլացման պատճառով դուրս է գալիս, մենք կարողանում ենք ստանալ որոշակի արևմտյան երաշխիքներ՝ Արցախի բնակչության անվտանգության համար։ Երրորդ տարբերակն էլ այն է, որ դուրս է գալիս ռուսական խաղաղապահ կոնտիգենտը, մենք էլ չենք կարողանում ստանալ որևէ արևմտյան երաշխիք։ Այդ պարագայի համար, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է պատրաստ լինի ամենավատ տարբերակին, կարծում եմ՝ պետք է առնվազն պլան նախապատրաստենք և ռեսուրսներ հատկացրած լինենք՝ պատրաստ լինելու համար, որ հնարավոր լինի Արցախի բնակչությանն էվակուացնել»։

Քոչինյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե երեք սցենարներից որն է աշխատելու, բայց, ըստ նրա, միակ սցենարը, որտեղ ինչ-որ բան կախված է ՀՀ-ից, երրորդն է. «Առաջին և երկրորդ սցենարներն այլ ուժային կենտրոնների տնօրինման դաշտում են։ ՀՀ-ն կարող է ամենավատ տարբերակում ընդամենը պատասխանատվություն ստանձնել և փրկել արցախահայությանը հնարավոր ոճրագործություններից»։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը ձախողում է կազմակերպության համար, քաղաքագետն ասաց, որ կարճաժամկետ առումով ուղերձը հետևյալն է, որ ՀՀ-ն ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից պահանջում է անդրադառնալ Սոթք-Խոզնավարի ճակատագրին և օգնել զբաղվել այդ հարցով, իսկ խոշոր իմաստով՝ դա ՀՀ-ի դժգոհության արտահայտումն էր։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից հայ պատգամավորներին Արցախ մտնել արգելելուն՝ Քոչինյանն ասաց. «Պատգամավորների բոլոր գործողությունները ինչ-որ պատմության մաս են, որը չի սպասարկում ՀՀ-ի շահերը, ինչ-որ այլ շահեր է սպասարկում, ինչ-որ խաղի մի մասն է, որի հատվածներից մեկը նրանց Արցախ մտնել թույլ չտալն է։ Ինչ-որ ֆարսի է նմանվում, որը նպատակ ունի խաղաղության օրակարգը վնասել կամ տապալել»։

Մարիամ Սարգսյան