Հասարակություն

Զատկին ընդառաջ ձվի թանկացում չի սպասվում

Radar Armenia-ի հետ զրույցում Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հավաստիացրեց՝ Զատկին ընդառաջ շուկայում ձվի պակաս կամ գնի բարձրացում չի լինի. «Ընդհակառակն, գինն իջնում է։ Նախկինում 20-30 դրամը ինքնարժեքից ցածր էր, բերեցինք կայունացման, հիմա էլ՝ Զատկին ընդառաջ, գնի իջեցում արեցինք»։ 

Ստեփանյանը հիշեցրեց, որ գները որոշում են տնտեսվարողները, բայց, կանխատեսումների համաձայն, այն հազիվ թե բարձրանա։

Օրեր առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել էր, որ արտադրողներն իրենց հավաստիացրել են, որ ձվի շուկայում դեֆիցիտ չի լինի։

Ստեփանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ճիշտ հավաստիացումներ են տրվել։ Թռչնաբույծների նախագահի համոզմամբ՝ տնտեսվարողները արհեստական դեֆիցիտ չեն ստեղծի. «Արհեստական դեֆիցիտ անում են երրորդ մասնակիցները՝ առաքիչները կամ անհատ ձեռներեցները, բայց, քանի որ շուկայում պահուստային քանակներ կան, նրանք դա չեն անի»։

Նա ճիշտ համարեց և առաջարկեց, որ վերահսկող մարմինները ուժեղացնեն մասնագիտացված տնտեսություններից դեպի սպառման կետեր գնացող ապրանքի հետվերահսկողությունը։

Անուշ Մկրտչյան