Հասարակություն

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում բանակցել բոլոր չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը հասնելու համար․ ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով: 

Այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ նշված երկրներ և Վրաստան կատարած այցից հետո արված հայտարարության մեջ։ «Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վճռականորեն աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսությանը նպաստելուն, որն անհրաժեշտ է տեղում շարունակվող լարվածությունը նվազեցնելու համար: Մենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն բանակցել բոլոր չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- ասված է ուղերձում։ Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն հույս ունի առաջընթացի հասնել հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը և պատմամշակութային վայրերի պաշտպանությունը: ԵԱՀԿ նախագահն առաջարկել է նաև ընդլայնել իր անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպշիկի մասնակցությունը հարցերի լուծմանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը: