Հասարակություն

Բացահայտվել է Գյումրիում կատարված խուլիգանությունը. երիտասարդը կալանավորվել է

Մարտի 6-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով և ուղեղի ցնցումով տեղափոխվել է Գյումրու բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ:

Վնասվածքը ծանր էր, և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին չի հաջողվել զրուցել երիտասարդի հետ: Սակայն հաջողվել է ճշտել, թե նա որտեղ է ստացել վնասվածքները: Դեպքի վայրը Գյումրիի Թումանյան-Մուսայելյան փողոցների խաչմերուկն էր: Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնի է դարձել, որ մի խումբ անձինք, փայտերով ծեծկռտուք են արել:

Խուլիգանության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Կումայրիի քրեական հետախույզները շարունակելով միջոցառումները՝ պարզել են, որ 28-ամյա երիտասարդին փայտով խփողը Գյումրու խճուղու 18-ամյա մի բնակիչ է: Նրան առաջադրվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Դեպքից օրեր անց 18-ամյա երիտասարդը ներկայացել է Շիրակի մարզի քննչական վարչություն ու կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: