Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողները վնասվածքներն ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել է քրեական գործ։ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, հացատան խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել տուժած տղամարդկանց ուղղությամբ:
Մարտի 30-ին տղամարդը ներկայացել է դեպքի նախաքննությունն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: