Ուկրաինայի «հատուկ օպերացիան» սկսվելուց հետո Հայաստանը դարձել է ռուսական բիզնեսի տեղափոխման (ռելոկացիայի) ամենապոպուլյար երկրներից մեկը: Դրան նպաստել է ընկերությունների գրանցման պարզ ընթացակարգը, առանց արտասահմանյան անձնագրի ժամանելու հնարավորությունը, իշխանությունների նախաձեռնողականությունը, որոնք փորձում են ինտեգրել ժամանածներին տեղական բիզնես համայնքում: Ի՞նչ խնդիրների են բախվում ռուսաստանցիները ժամանելուց հետո, և արդյո՞ք նրանք այստեղ երկար կմնան:
«Infinity Resources» ռուսական ընկերության հիմնադիր Ռենատ Խայրետդինովը լիահույս է Հայաստանում իր բիզնես հեռանկարների առումով: Նա նշում է, որ տեղական իշխանությունները համագործակցային են տրամադրված և օգնում են ռուսական ձեռներեցներին՝ ինտեգրվել երկրի տնտեսության մեջ: Մարտի 1-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ, որը օգնելու է Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ժամանած ձեռներեցներին՝ ադապտացվել Հայաստանի պայմաններին: Ռուսաստանից ժամանածներին տեղում կողմնորոշվել օգնում են նաև բազմաթիվ չաթերն ու Telegram ալիքները, որոնցում ներկայացվում է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ինչպես գրանցել ընկերությունը Հայաստանում, ինչպես վարձելակալել բնակարան, գտնել դայակ կամ մանկապարտեզ՝ երեխայի համար, և որտեղ ավելի լավ սնվել: Այսպես, «Переезд в Армению/Взаимопомощь» Telegram-չատն արդեն ունի ավելի քան 18․500 հետևորդ:
Ռենատ Խայրետդինովը IT մասնագետների շրջանում Հայաստանի պոպուլյարությունը բացատրում է նրանով, որ տեղական իշխանությունները դեռևս 2015 թվականին իջեցրել են IT ոլորտի եկամտահարկի համար սահմանված տոկոսադրույքը՝ մինչև 10% (մյուս ոլորտների մասնագետները, ըստ նրա, վճարում են 26% և այլն), և ազատել IT ընկերություններին եկամտահարկից: Բացի այդ, ինչպես նշում է բիզնեսմենը, երկրում «ամեն ինչ բավականին հեշտ է»՝ նեթուորքինգի հետ կապված. բոլորը բաց են երկխոսության համար: Օրինակ, Telegram-ալիքներից մեկում՝ Economy of Armenia-ում (ավելի քան 13.000 հետևորդ), օգտատերերի հետ աուդիոչաթերն անցկացնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Անանուն մնալ ցանկացող՝ հաղորդակցություններով զբաղվող ընկերության մի համահիմնադիր նշում է, որ Թբիլիսի տեղափոխվել են «ազատատենչ արվեստագետները» (դիզայներներ, լուսանկարիչներ, լրագրողներ ևն), իսկ Երևան՝ IT մասնագետները, և, ծիծաղելով, ավելացնում է, որ Թբիլիսիի բախտը ավելի քիչ է բերել: Նա գտնում է, որ, ի տարբերություն «ստեղծարար մարդկանց», IT մասնագետները կկարողանան ապահովել տնտեսության մեջ դրամական միջոցների մեծ ներհոսք և դրական կազդեն երկրի IT ենթակառուցվածքների զարգացման վրա, եթե երկար մնան այստեղ:
Հայաստանում «իրավաբանական անձ» գրանցելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ օր: «Поток Диджитал» ներդրումային հարթակի նախկին գործադիր տնօրեն և «Khachen.Consulting» ընկերության հիմնադիր Արմեն Մինասյանը, ով այժմ ակտիվորեն խորհրդատվություն է տրամադրում Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսների համար, պատմում է, որ այստեղ ամեն բան հեշտ է։ Պետք է գալ Իրավաբանական անձանց պետական գրանցումների գործակալություն, էլեկտրոնային ձևով հերթ պահել, ունենալ անձնագրի՝ հայերեն լեզվով նոտարական թարգմանությունը: Ռուսաստանի քաղաքացիները կարող են օգտագործել նաև ՌԴ-ի ներքին անձնագիրը: Ըստ նրա՝ Հայաստանում ՍՊԸ գրանցելն անվճար է:
Մարտի 18-ին ուժի մեջ մտավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի համաձայն՝ ռուսաստանցիները մինչև 2022 թվականի ավարտը արտասահմանում չեն կարողանա վճարել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալը: Բայց կան նաև այս սահմանափակումը շրջանցող ուղիներ, ինչպես նշում է «FTL Advisers» փաստաբանական ընկերության գործընկեր Մարիա Կուկլան: Ըստ նրա, օրինակ, կարելի է գտնել Հայաստանում (կամ այլ իրավասության ներքո) խորհրդատվական ընկերություն, որն ինքը կվճարի կանոնադրական կապիտալը, իսկ հետո ձեզ կվաճառի 100% բաժնետոմսերը՝ դա արգելված չէ: Կամ էլ՝ Ռուսաստանի ռեզիդենտ չհամարվող անձը կարող է վճարել կանոնադրական կապիտալը՝ գործելով որպես ներկայացուցիչ: Մինասյանը հաստատում է, որ կանոնադրական կապիտալի վճարումը կատարելու պարտավորությունը կարող է ստանձնել երրորդ անձ: Ըստ նրա՝ ժամանակ խնայելու և զարտուղի ճանապարհներ չփնտրելու համար ձեռներեցները կարող են գրանցվել որպես անհատ ձեռներեց՝ ԱՁ:
Մյուս քայլը բիզնեսի համար բանկային հաշվեհամար բացելն է: Այդ գործընթացը տևում է 2-10 օր: Թեև պետք է նշել, որ մարտի սկզբից հաշվեհամարի բացումը ավելի բարդացել է։ Եթե փետրվարի վերջին դրա համար անհրաժեշտ էր ընդամենը անձնագիր, ապա այժմ շատ բանկեր պահանջում են ներկայացնել վարձակալի հետ վարձակալության պայմանագիրը, մտադրությունների մասին համաձայնագրի միջոցով հաստատել հաճախորդի պատրաստակամությունը, փոխանցել պայմանագրերը հայկական ընկերությանը, պատրաստակամությունը՝ աշխատանքի ընդունել տեղացի աշխատակիցների կամ աշխատել հայկական կապալառուների հետ: Անհրաժեշտ փաստաթղթերի միասնական փաթեթ դեռևս չկա՝ ամեն ինչ կախված է կոնկրետ բանկից: Բանկերը ցանկանում են նման ձևով համոզվել, որ ձեռներեցները իսկապես պատրաստվում են իրենց բիզնեսը վարել Հայաստանում: Այս ընթացակարգը ամեն դեպքում ավելի դյուրին է, քան Վրաստանում, որտեղ հաշվեհամար բացելու համար հաճախորդներից պահանջում էին ստորագրել Ռուսաստանի քաղաքականության հետ անհամաձայնության վերաբերյալ փաստաթուղթ:
Շատ ռուսաստանցիներ իրենց աշխատավարձը ստանում են ռուբլով և կորուստներ են ունենում՝ արտարժույթը Հայաստանում դրամով փոխելիս: Ռուսաստանցիներին արգելված է արտարժույթ փոխանցել իրենց արտասահմանյան հաշվեհամարներին, բայց արգելքը չի տարածվում ռուբլու վրա, որոնք փոխանցվում են արտասահմանյան ռուբլային հաշիվներին: Ինչպես հայտնում է հաղորդակցություններով զբաղվող գործակալության համահիմնադիրը, կարելի է ռուբլային հաշիվ բացել Հայաստանյան բանկում և փոխանցել գումարը ռուսական բանկից այդ հաշվին: Միջնորդավճարի չափը կախված է բանկից՝ «Сбербанк»-ից «Inecobank» մինչև 50․000 ռուբլի փոխանցումը կատարվում է անվճար: Հայաստանում նաև աշխատում են «Мир» վճարային համակարգի քարտերը:
Ինչպես նշում է Խայրետդիովը, հիմնական խնդիրը Երևանում բիզնեսի գրանցումը չէ կամ էլ հաշվեհամարի բացումը, այլ՝ անշարժ գույքի վարձակալությունը: Մարդկանց մեծ ներհոսքի արդյունքում վարձակալության գները կտրուկ բարձրացել են, և որակով բնակելի տարածքներ շուկայում քիչ են մնացել: Նույն խնդիրը առկա է նաև գրասենյակային տարածքների վարձակալության դեպքում:
Ռուսաստանցիները հավաստիացնում են, որ անշարժ գույքի վարձակալության գները հիմա Երևանում համեմատելի են Սինգապուրի և Նյու Յորքի գների հետ: Երևանի կենտրոնին մոտ երեք սենյականոց բնակարանը վարձով է տրվում ամսական 1800 դոլարով: Դա նույնիսկ ավելի թանկ է, քան Մոսկվայում:
Երևանցիները նույնպես դժգոհում են կատարվողից։ Վարձակալները տնից հանում են հայ ընտանիքներին, որոնք արդեն երկար ժամանակ վարձակալում են այդ անշարժ գույքը՝ հին գներով (ամսական 200–300 դոլլար), քանի որ հիմա հնարավորություն կա՝ այն վարձակալման տալ ամսական 1000 դոլլարով: Ռուսաստանցիներից շատերը, հավանաբար, կվերադառնան Ռուսաստան կամ կշարժվեն դեպի երրորդ երկիր, քանի որ նրանցից ոմանք նշում են, որ թեև Երևանի կենտրոնը գեղեցիկ և հարմարվետ է, բայց այլ թաղամասերն այդպիսին չեն:
Արմեն Մինասյանը նույնպես կարծում է, որ Հայաստան ժամանածների առնվազն կեսը կվերադառնա Ռուսաստան կամ կմեկնի երրորդ երկիր, քանի որ շատ մարդիկ, որոնք տեղափոխվեցին Հայաստան «հատուկ ռազմական օպերացիայի» առաջին շաբաթում, պրագմատիկ չէին: Դա ավելի շատ էմոցիոնալ որոշում էր, և նրանցից շատերը հիմա դեռ չեն էլ հասկանում, թե ինչ անեն այստեղ:
(c) Forbes.ru