Հասարակություն

Խորհրդարանում քննարկվել է ԿԸՀ գործունեության մասին տարեկան հաղորդումը

Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը:

2020-2021թթ. ընթացքում ԸՕ պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել և անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և 58 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված համայնքներից 44-ը խոշորացված համայնքներ են: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ն ԱԺ 2021թ.  հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հետ կապված իր գործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին սահմանված կարգով ներկայացրել է 2021թ.:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ 2020թ. մեկնարկել են նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվելու նախապատրաստական աշխատանքները: Հանրաքվեի գործընթացը չեղարկվել է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի կողմից կատարված աշխատանքները մինչև չեղարկումը:

Զեկուցողն անդրադարձել է 2021թ. ընդունված ԸՕ-ին՝ ներկայացնելով նոր իրավակարգավորումներով պայմանավորված կատարված անհրաժեշտ ծրագրային աշխատանքները:

Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքները, ծրագրային փոփոխություններն ու լուծումները, ամրագրված գործիքակազմը միտված են կատարելագործելու ընտրական գործընթացը: