Հասարակություն

«Կրկեսի շենքը մյուս տարի պատրաստ կլինի». Սոս Պետրոսյան

Կրկեսի շենքի բացման, կրկեսային կյանքի և նոր բեմադրությունների մասին Radar Armenia-ն զրուցեց «Երևանի կրկեսի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի հետ։

- Ե՞րբ կսկսի գործել կրկեսի շենքը։

- Կրկեսի շենքը, կարծում ենք, մյուս տարի՝ մինչև հունիս-հուլիս ամիսները պատրաստ կլինի, հիմա մեծ թափով տեղի են ունենում վերջնական աշխատանքները։ Ճիշտ է՝ երկար տևեց կրկեսի կառուցումը, բայց, համեմատած այն շենքերի, որոնք մի տարում կառուցվում են, կրկեսը բարդ կառույց է։ Հիմա արդեն էլ տեղ չկա ուշացնելու, ժողովուրդը շատ է սպասում։

Մենք կունենանք բազմաֆունկցիոնալ, ժամանակակից, շքեղ կրկես, որտեղ կարող ենք օգտագործել կրկեսային արվեստի համարյա բոլոր ժանրերը։ Դա կլինի լավ նվեր մեր հանդիսատեսին։

- Մինչ կրկեսի շենքի կառուցումը՝ կրկեսային ներկայացումներ կա՞ն, թե՞ ոչ:

- Մենք միշտ աշխատել ենք, մեր կրկեսի դերասանները աշխարհի տարբեր երկրներում գնում են հյուրախաղերի։ Ճիշտ է՝ կորոնավիրուսի հետևանքով քչացել են հրավերները, կրկեսային ներկայացումները, բայց, փառք Աստծո, չենք բողոքում, հրավերներ շատ ունենք։

Մենք նաև բարեգործական ելույթներ ենք ունենում սահմանապահների մոտ, զորամասերում, մանկատներում, ծերանոցներում։ Չկա ամիս, որ բարեգործական ներկայացումներով չմեկնենք մարզեր, այնպես որ, կրկեսը չի դադարել աշխատել։

- Կրկեսային ի՞նչ նոր բեմադրություններ են նախատեսվում։

- Մեզ մոտ նախատեսվում է պրեմիերա՝ ապրիլի 2-ին և 3-ին։ Թատրոնի և կինոյի ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի բաժինը (որը ես եմ ղեկավարում) նոր ավարտած երիտասարդ ռեժիսոր Հրաչ Պետրոսյանը, ով նաև իմ թոռն է, իր առաջին ներկայացումն է բեմադրել։ Պրեմիերա կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Ելույթ կունենան և՛ պրոֆեսիոնալ դերասանները, և՛ կրկեսին կից ստուդիայի լավագույն սաները։

Ոսկեհատ Պողոսյան