Սպորտ

«Մխիթարյանի հեռանալը ամբողջ ֆուտբոլային աշխարհը ցավով է ընդունել». Գագիկ Աղբալյան

«Մխիթարյանի հեռանալը ամբողջ ֆուտբոլային աշխարհը ցավով է ընդունել». Գագիկ Աղբալյան

Հայաստանի ազգային հավաքականը Երևանում երեկ ընկերական խաղ անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ՝ հաղթելով 1։0 հաշվով։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել էր ազգային հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին։ Radar Armenia-ի հետ զրուցում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Աղբալյանը նշեց, որ մեկ խաղով չի կարելի վերլուծություն անել, թե ֆուտբոլիստի բացակայությունը ինչ ազդեցություն կունենա:

Մեզ հետ զրույցում նա նշեց. «Մեկ խաղով չի կարելի ենթադրել, թե այս կամ այն ֆուտբոլիստի բացակայությունը ինչ կտա կամ ինչից կզրկի հավաքականին։ Միանշանակ է, որ Մխիթարյանը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է, և իր՝ հավաքականից գնալը ամբողջ ֆուտբոլային աշխարհը ցավով է ընդունել»։

Աղբալյանը հավաստիացրեց, որ ՀՖՖ-ում և ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանի ելույթների դադարեցումը և՛ անսպասելի էր, և՛ անցանկալի, որովհետև «Մխիթարյանը հավաքականի ամենանշանավոր և մեծ վաստակ ունեցող ֆուտբոլիստն է»։

Նրա խոսքով՝ Հայաստան-Չեռնոգորիա խաղում մեր ընտրանին հաղթեց, բայց դեռ տարբեր բարդության հանդիպումներ են սպասվում, և Հենրիխ Մխիթարյանի  բացակայությունը միշտ էլ զգացվելու է հավաքականում։

Աղբալյանը նշեց, որ Հենրիխի հայտարարությունից հետո մարզիչները հավաքականը համալրելու են ֆուտբոլիստներով. «Հայտարարությունից հետո, բնականաբար, մարզիչները հավաքականը կառուցում են իրենց «ձեռքի տակ եղած» ֆուտբոլիստներով, որոնք ևս արհեստավարժ տղաներ են։ Ամեն դեպքում, այսօր հավաքականը բավական լավ ֆուտբոլ է ցուցադրում»։

Նա նաև հույս հայտնեց, որ ինչ-որ մի օր Հենրիխը կհայտարարի, որ վերսկսում է իր ելույթներն ազգային հավաքականում. «Վստահ եմ՝ Հենրիխի գնալը ոչ մեկին չի ուրախացրել»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական