Կառավարության նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, թե՝ «երբեմն ասում են՝ կառավարությունը ռեֆորմներ չի անում»։ ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց՝ «Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում»։
Նա հիշեցրեց՝ ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի որոշումը։ Ըստ Փաշինյանի՝ սա կարևորագույն ռեֆորմ է. «Ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն։ Դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական, և՛ կառավարչական։ Հույս ունեմ՝ մենք այս ճանապարհը կշարունակենք»։
Նա հայտնեց, որ այժմ հետևում է իրենց մեկ այլ ռեֆորմի՝ հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման սահմանափակման ընթացքին. «Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, որովհետև, ցավոք, ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր առողջության վրա։ Ծխելու ու աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի-եռակի գերազանցում ենք, հետո կանգնում առողջական խնդրի առջև»։
Փաշինյանն ընդգծեց, որ գնալու են այն ճանապարհով, որ առողջ ապրելակերպը դառնա ռազմավարական մոտեցում։