Հասարակություն

«Ռուսաստանի հետ առևտուրը Հայաստանի համար ավելի ձեռնտու է». Հրանտ Միքայելյան

Ռուս-ուկրաինական հակամարտության սրումից հետո կտրուկ աճել են նավթի գները։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

- Նավթի շուկայում գնի բարձրացումը ի՞նչ գործոններով է պայմանավորված։

- Պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը՝ կորոնավիրուսից հետո պահանջարկի աճը եղել է ավելի բարձր, քան արտադրության աճը։ Պակասորդ ստեղծվեց շուկայում, գները սկսեցին աճել։ Եվ երկրորդը՝ Ռուսաստանի պատժամիջոցները կամ սահմանափակումները բերեցին նրան, որ նավթի շուկայում ստեղծվեց դիսբալանս։ Ամերիկյան և եվրոպական շուկաներում ռուսական նավթը արդեն որոշ չափով չի ընդունվում, և այդ դիսբալանսը ստեղծում է մտավախություն շատերի մոտ։ Հիմա արդեն տեսնում ենք նավթի գների որոշակի նվազում։

- Քանի որ Հայաստանի էներգետիկ շուկան էական կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, գների կտրուկ բարձրացման դեպքում հնարավո՞ր է գտնել այլընտրանքային տարբերակներ։

-Առաջին հերթին, ինչ վերաբերում է ռուսական գազին՝ Հայաստանը կնքել է պայմանագիր Ռուսաստանի հետ, ըստ որի՝ գազը 10 տարվա կտրվածքով էժան ենք ստանալու. 165 ԱՄՆ դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը լավ գին է։ Ինչ վերաբերում է նավթին՝ այդ շուկայում գոյություն չունեն այդպիսի հեռատես պայմանավորվածություններ, և, այս առումով, նավթի շուկան հնարավորություններ չի ստեղծում, բայց Հայաստանը նավթ էլ չի գնում, գնում է նավթամթերքներ, և, այս տեսանկյունից, Հայաստանի համար ռուսական այդ էներգակիրների փոխարինում չի լինի։ Տեսականորեն, իհարկե, Իրանը կարող է անել, բայց Իրանում էլ նավթամթերքի մեծ պակասորդ կա։ Հայաստանը կարող է նաև Վրաստանի միջոցով ներմուծել՝ օգտագործելով Վրաստանի երկաթգիծը։ Պակասորդի դեպքում՝ բերել հնարավոր է, բայց Ռուսաստանի հետ առևտուրը Հայաստանի համար շատ ավելի ձեռնտու է։ Ռուսաստանը այլ երկրով փոխարինելը՝ նույն պայմաններով, հնարավոր չէ։ Շատ ավելի վատ պայմաններով՝ հնարավոր է։

- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի մրցակցության պայմաններում չզիջի Ադրբեջանին, քանի որ նավթի գների բարձրացումը հավելյալ եկամուտ է բերում ադրբեջանական բյուջե։

-Ադրբեջանի հետ այդ առճակատումից դուրս ենք եկել, և սա անորոշ վիճակ է, որովհետև մենք դուրս ենք եկել միակողմանի, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ իր քաղաքականությունը վարել։ Բայց ամեն դեպքում մենք այդ ռեժիմի մեջ չկանք, այնպես որ, կարելի է ասել, սա ոչ մի բան չի էլ փոխելու, եթե Ադրբեջանը շատ մեծ եկամուտներ ունեցավ. սա՝ մրցակցության տեսանկյունից։ Իսկ Ադրբեջանի հնարավորությունների տեսանկյունից, իհարկե, հիմա Ադրբեջանը մեծացնելու է իր ռազմական բյուջեն և շատ ավելի լավ է իրեն զգալու, այդ թվում՝ որպեսզի հակահայկական քաղաքականություն իրականացնի։

Անուշ Մկրտչյան