Հասարակություն

«Նավթի գնի բարձրացումից Ադրբեջանը կարող է շահել». Ատոմ Մարգարյան

«Էներգակիրների հիմնական շուկաներն առայժմ գտնվում են ցնցումային վիճակում, անորոշությունները մեծ են, առաջարկների վերաձևումներ են տեղի ունենում, և դրա տևողությունը կախված է պատերազմի ընթացքից»․ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված գնային թռիչքներն առաջին հերթին վերաբերում են գազին. «Եվրոպայի հիմնական գազային հանգույցներում 1000 խ/մ-ի գինը մոտեցել է 4000 դոլարին, ինչը արտակարգ իրավիճակ է։ Ու սա վերջը չէ: Այսպես շարունակվելու դեպքում՝ բորսաները պարզապես կդադարեցնեն գործունեությունը, և այն դեֆիցիտը, որն առաջանալու է եվրոպական շուկայում ռուսական գազի մատակարարումների դադարեցմամբ, խնդիրներ է առաջացնելու: Իսկ եվրոպական երկրների գազապահուստները դատարկ են, քանի որ երբ ամիսներ առաջ ռուսական գազի գինը հատեց 500 դոլարը, եվրոպացիները համարեցին, որ դա թանկ է ու ենթադրեցին, թե գինը կիջնի, սակայն սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ու հակառակը տեղի ունեցավ»:

Մարգարյանն ընդգծեց՝ ՌԴ-ն չի կարող արագ վերակողմնորոշել իր էներգակիրների արտահանման շուկաները, և, բնական է, նրա համար էլ կորուստներն անխուսափելի կլինեն, իսկ Ռուսաստանի բյուջեի եկամուտների կեսից ավելին էներգակիրների վաճառքն է ապահովում։

Անդրադառնալով նավթի շուկայում տիրող իրավիճակին՝ տնտեսագետը նշեց, որ ստանդարտ «Brent» տեսակի նավթի գինը մարտի 10-ի դրությամբ մոտ 123 դոլար է, ինչն աննախադեպ բարձր է, և միտումն էլ բարձրացման ուղղությամբ է. «Թվում է՝ դրանից նավթ վաճառող երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, կարող են շահել, բայց, սկզբունքորեն, եթե գնորդները դադարեցնում են իրենց գնումներն ու վերակողմնորոշում գնման աղբյուրները, ապա նախկին ծավալներով նավթի վաճառքը մեծ խնդիր է լինելու։ Ընդ որում, եթե այս իրավիճակը երկար շարունակվի, կարող են խնդիրներ ստեղծվել նաև նավթ արդյունահանող երկրների համար, որոնք ևս սանկցիաների տակ են։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է ՌԴ-ին»:

Ըստ Մարգարյանի՝ նավթի գնի բարձրացումը ձեռնտու է Ադրբեջանին, և վերջինս, միանշանակ, կշահի, որովհետև անհավասար պայմաններում թե՛ եվրոպական, թե՛ այլ երկրների գնորդները կավելացնեն իրենց գնումներն Ադրբեջանից։ Նրա դիտարկմամբ՝ հնարավոր է՝ նաև Իրանից և Վենեսուելայից ավելանան գնումները, որովհետև խոսակցություններ կան վերջիններիս դեմ պատժամիջոցները մեղմելու, անգամ՝ հանելու մասին։
«Բոլոր դեպքերում ռուսական նավթի արտահանումն օրական 11 մլն բարել է, ինչը մեծ ծավալ է, և դժվար թե դրա տեղը շատ արագ լրացվի», - ընդգծեց Մարգարյանը:

Մարիամ Սարգսյան