Հասարակություն

«Ուկրաինայից հայերի արտահոսքը մեծ է». Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

«Ուկրաինայում բնակվող հայերի մի մասը մնում է տեղում, մի մասը լքում է պետությունը, մյուս մասն էլ տեղափոխվում է երկրի՝ ավելի ապահով հատվածներ։ Հայերն այստեղ նույն խնդիրներն ու կարիքներն ունեն, ինչ Ուկրաինայի մյուս քաղաքացիները»․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, որն այժմ Կիևում է։

Մկրտչյանի խոսքով՝ ոչ ոք հստակ տվյալ չի կարող ասել, թե պատերազմի ու դրան նախորդած մի քանի օրերի ընթացքում քանի հայ է լքել Ուկրաինայի տարածքը։ Հայերի միությունը պատերազմից մի քանի օր առաջ շտաբ է ստեղծել, որը, համագործակցելով սահմանապահ ծառայությունների հետ, փորձել է տվյալներ հավաքել, թե պետությունը լքող հայերի թիվը որքան է, սակայն կարճ ժամանակ անց դա անհնար է դարձել. «Շտաբը նաև աշխատել էր ճանապարհային քարտեզի վրա, որ երբ պատերազմ սկսվի Դոնբասում, կարողանանք օգնել տարհանված հայերին։ Պարզվեց՝ մեզ ավելի լայն քարտեզ էր պետք, քանի որ պատերազմը ոչ թե լոկալ տարածքում բռնկվեց, այլ՝ ողջ Ուկրաինայում, ինչը բազմապատկեց աշխատանքն ու խնդիրները»։

Մկրտչյանը հայտնեց նաև, որ հայերն Ուկրաինայից 5 ուղղությամբ են շարժվում՝ Մոլդովա, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա և Լեհաստան։ Նրա խոսքով՝ հոսքը շատ մեծ է, և սահմանապահ մարմինները չեն կարողանում բազայից առանձնացնել հայերին տեղափոխող ավտոբուսների տվյալները։

Այժմ հայերի միությունը շտաբներ է ստեղծել տարբեր մարզերում, որտեղ ընդունում, կացարանով ու սննդով են ապահովում տարբեր քաղաքներից տարհանված հայերին, ապա՝ փորձում կազմակերպել նրանց տեղափոխումը։ Երիտասարդական կազմակերպության միջոցով կամավորական ջոկատներ են ստեղծվել, որոնք խոշոր քաղաքներում օգնում են կարիքավորներին, տարեցներին՝ տեղափոխել գույքը։

Մկրտչյանի խոսքով՝ այժմ այդ աշխատանքների կատարումը ևս բարդանում է, որովհետև վառելիքի խնդիր կա. «Կիևում արդեն 10-12 օր վառելիք չենք կարողանում գտնել։ Եղած վառելիքը պետությունն է վերցնում, մենք էլ փորձում ենք հարևան մարզերից հայթայթել, բաժանել հայերին։ Զինանդադարի ընթացքում էլ փորձում ենք սննդամթերք հասցնել կարիք ունեցողներին»։

Վառելիքից բացի՝ խնդիր է նաև ավտոբուսներ կամ վարորդները գտնելը. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարորդներ կան, որ մարզից մարզ չեն կարողանում շարժվել, որովհետև սահմանային կետերում կարող են խնդիրներ առաջանալ»։

Ինչ վերաբերում է հայազգի վիրավորների կամ զոհերի տվյալներին, Մկրտչյանը նշեց, որ այս պահին միակ հաստատված զոհը Վահիկ Սողոմոնյանն է։

Մարիամ Սարգսյան