Հասարակություն

Վարձով տների գինն աճել է մոտ 30-40 տոկոսով

Ռուս-ուկրաինական հակամարտությունների արդյունքում իրենց երկրից հեռացած քաղաքացիներից շատերը ապաստան են փնտրում նաև՝ Հայաստանում, ինչն էլ անշարժ գույքի շուկայում գնաճի առիթ է հանդիսացել։

Radar Armenia-ի հետ զրույցում «Alexan Realty»  անշարժ գույքի գործակալության աշխատակից Նունե Դուխիկյանը նշեց, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմն արդեն շուկայում գնաճ ունեինք՝ պայմանավորված 44-օրյա պատերազմով, երբ Հայաստան տեղափոխվեցին իրենց տներից արտաքսված արցախցիները, իսկ այս պատերազմով ավելի բարձրացան գները։

Դուխիկյանի խոսքով. «Մոտավորապես 30-40%-ով գնաճ ունենք, որը՝ կարծում ենք՝ պայամանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, դրանից ելնելով մեծամասնությունը գալիս են ապաստարան գտնելու Հայաստանում։ Տները վարձակալում են հիմնականում 1-ից 3 ամիս ժամկետով։ Օրինակ՝ տուն կար՝ 600 դոլլար էր, հիմա դարձել է 1100 դոլլար։

Տոկոսային առումով՝ նույնքան բարձրացել են նաև  օրավարձով տրվող տների գները: Եթե մինչ այս 1 օրվա վարձը կարող էր կազմել 10-15 հազար դրամ, այսօր 1 օրվա վարձը 15-20 հազար դրամ է»։

Ըստ Alexan Realty-ի աշխատակցի՝ մեծամասամբ հետաքրքրվողները Ռուսաստանից ժամանած քաղաքացիներն են, որոնք հիմնականում հետաքրքրվում են Կենտրոնի և Կոմիտասի տարածքների՝ 1-2 սենյականոց բնակարաններով, մարզային համայքներում ակտիվություն չի նկատվում. «Ուկրաինայից եկած քաղաքացիների կողմից հետաքրքրություն չունենք, ավելի շատ հետաքրքրվում են ռուսները, բայց գնաճը շատ քիչ է»։

Ոսկեհատ Պողոսյան