Հասարակություն

Ծխելն արդեն մոդայիկ չէ. հակածխախոտային պայքարն ու դրանից սպասվող օգուտները

Մարտի 15-ից Հայաստանում կսկսեն գործել հակածխախոտային սահմանափակումները։

Մինչ այդ, նկատենք, մեր երկրում ծխախոտի արտադրությունը սկսել էր նվազել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021թ., նախորդ տարվա համեմատ, ծխախոտի արտադրությունը նվազել է 12,8 տոկոսով։ 2021թ. արտադրվել է 24,5 մլրդ հատ ծխախոտ։

ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ հակածխախոտային պայքարի օրենքի ընդունման դրդապատճառներից մեկն էլ ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի «Շրջանակային կոնվեցիայի» պահանջների կատարումն է։

Նրա խոսքով՝ միջազգային փորձի և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում հակածխախոտային խստացումների ծրագրում շատ փոփոխություններ են իրականացվել՝ ժամկետներից մինչև դրույթներ. վերամշակված ծրագիրը սկզբանական տարբերակից շատ տարբեր է:

2020թ․-ին ընդունված հակածխախոտային օրենքը փուլ-փուլ ուժի մեջ է մտնում: Ծխախոտի գովազդն, արդեն տևական ժամանակ է, արգելված է հանրային տարածքներում: Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հակածխախոտային ծրագրի՝ օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որոնց՝ ՀՀ խանութներում ցուցատախտակները պետք է փակ լինեն՝ գովազդը բացառելու համար: Իսկ մարտի 15-ից կարգելվի հանրային բաց և փակ վայրերում ծխելը:

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ ծխողների թվի ավելացմանը նպաստում է նաև հասանելիությունն ու ագրեսիվ գովազդը։ «Միշտ էլ կան մարդիկ, որոնք սահմանի վրա են՝ չծխողից դառնալու ծխող: Սահմանափակումների արդյունքում հասանելիությունն ու գովազդը խթան չեն հանդիսանա, հետևաբար, չծխողների սեգմենտը չի անցնի ծխողների դասին»:

Հասանելիությանն առումով Մարիամ Մնացականյանը համաձայն է. ըստ նրա՝ «ծխախոտի գնի բարձրացումը ևս այս ծրագրի օրակարգում է»«Միջազգային հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ մեր երկրում բավականին ցածր են գները, ինչը հասանելիություն է ապահովում»:

Տնտեսագետ Քթոյանի կարծիքով՝ հակածխախոտային պայքարի ազդեցությունը պետք է լայն կոնտեքստում դիտարկել՝ հաշվի առնելով ծխելու հետևանքներն ու հանրային առողջության համար առաջացրած խնդիրները. «Անհատի ծխելը հասարակության առողջության վրա բացասաբար ազդող հանգամանք է, հետևաբար, այս տեսանկյունից՝ հակածխախոտային պայքարի օգուտները ավելի մեծ են, քան՝ վնասները»։

Ըստ նրա՝ ծխելու հետևանքով ի հայտ եկած խնդիրները հաղթահարելու համար առողջապահական համակարգը ծախսեր ու ռեսուրսներ է հատկացնում, որոնք կարող են ծառայել այլ ոլորտի համար:

Ծխելն արդեն մոդայիկ չէ: Փորձագետը, օրինակ բերելով միջազգային քաղաքականությունը, նշում է, որ շատ երկրներում՝ սկսած դպրոցից, քարոզվում է առողջ կենսակերպ. բացի գիտելիք ստանալը՝ երեխան սովորում է նաև լինել ուժեղ, կոփված, առողջ, որը հետագայում նվազագույնի է հասցնում առողջապահական ծառայություններից օգտվելը. «Կոփված ընտանիք ունենալու պարագայում՝ սենյակի ջեռուցման ջերմաստիճանը կարող ես մի քանի աստիճանով ցածր պահել, ինչը ռեսուրսի խնայողություն է»:

Հակածխախոտային սահմանափակումների՝ տնտեսության վրա բացասական ազդեցությանն անդրադառնալով՝ տնտեսագետը նշեց, որ ցանկացած քայլ ունի նաև իր բացասական կողմը, բայց այս պարագայում դրականն ավելի շատ է:

Ոսկեհատ Պողոսյան