«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան փակվում է. երեկվանից ֆաբրիկան սկսել է բաժանել իր ունեցած մոտ 8 հազար հավերը՝ հայտարարելով գործունեության դադարեցման մասին։ Միաժամանակ, աշխատակիցները մարտի 1-ին բողոքի ակցիա են իրականացրել ֆաբրիկայի դիմաց՝ պնդելով, որ մոտ 80 հոգի այս ամենի հետևանքով մնում է անգործ։
Հայաստանի Թռչնաբույծների միության ղեկավար Սերգեյ Ստեփանյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ եթե ֆաբրիկան չունի ֆինանսական ռեսուրսներ, պետք է հիմնավորված ծրագիր ներկայացնի Կառավարությանը կամ բանկերին և ստանա աջակցություն. «Հեշտ է մեղադրել ինչ-որ մեկին կամ պետությանը։ Սեփականատերը պետք է քայլ անի՝ պետական աջակցության համար։ Պետք է ծրագիր ներկայացնել և հիմնավորել։ Թռչուն բաժանելը ճիշտ քայլ չէ։ Սա վերաբերվում է բոլոր տնտեսվարողներին։ Վիճակից պետք է դուրս գալ՝ առանց վնասելու մյուսներին, ոչ թե պահանջել, որ մյուսներն էլ փակվեն»։
Ինչ վերաբերում է ձվի գնանկմանը՝ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ դա հետևանք է գերարտադրության, քանի որ ձվի դժվար իրացման հարցում աշխատում է սեզոնայնության գործոնը. «Շուկայում խիստ մրցակցություն է, որովհետև ավելին է արտադրվում, քան պետք է։ Մեր շուկայի պահանջարկը օրական 980 հազար հատ ձու է։ Արտադությունն ավելացել է մոտավորապես 30-35%-ով։ Հունվար-փետրվար ամիսներին ձվի իրացումը սովորաբար դժվար է լինում. պահանջարկը քիչ է, այն ավելանում է գարնանը»։
Ըստ նրա՝ այս իրավիճակը սպասելի էր, և տնտեսվարողները նույնպես պետք է դա հաշվի առնեին։ Ստեփանյանի խոսքով՝ «եթե ոլորտում են, պիտի իմանան, որ քանակը ավելանալու է, ու, ըստ այդմ, պետք է հստակ մեխանիզմներ ունենան»։
Նա կարծիք հայտնեց, որ այս վիճակը 10-15 օրից կկարգավորվի»։
Հիշեցնենք՝ այսօր էլ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էր մեկնաբանել ձվի շուկայում կատարվողը, նշելով, որ մրցակցության օրենսդրության խախտում և դեմպինգ չկա:
Անուշ Մկրտչյան