Հասարակություն

«Ռուսական բլիցկրիգը չստացվեց». Արեգ Քոչինյան

Երեկ՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, որի արդյունքում կողմերը համաձայնության են եկել՝ առաջիկա օրերին դրանք շարունակելու հարցում։  

Միջազգային լարված իրավիճակի և բանակցությունների հետաձգման մասին Radar Armenia-ն խոսել է քաղաքագետ, ռազմաքաղաքական փորձագետ Արեգ Քոչինյանի հետ։

- Ռուս-ուկրաինական բանակցային առաջին հանդիպմանը կողմերը խաղաղության համաձայնության չեկան, այլ միայն որոշեցին շարունակել բանակցային փուլը։ Սպասելի՞ էր նման արդյունքը։

- Բնականաբար, բանակցային առաջին հանդիպման ապարդյուն լինելը կանխատեսելի էր, որովհետև երկու կողմերն էլ դեռևս հեռու են իրենց նպատակների իրականացումից։ Միևնույն ժամանակ, կողմերը նաև իրենց ռազմական պոտենցիալը չեն սպառել, որ ստիպված լինեն գնալ բանակցությունների։ Այսինքն, ոչ հասել են իրենց նպատակներին, ոչ էլ՝ սպառել կարողությունները։ Այսպիսով, անհնար էր այս բանակցությունների՝ որևէ դրական բանի բերելը։

- Արդյո՞ք հաջորդ՝ երկրորդ հանդիպմանը, կողմերը կկարողանան վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել։

- Կողմերը հաջորդ հանդիպմանը ևս վերջնական պայմանավորվածություն չեն ձեռք բերի։ Հնարավոր է՝ որոշակի հրադադարի պայմանավորվածություն ունենան, ինչը նորից խիստ կասկածելի է, որովհետև կողմերը ոչ իրենց նպատակներին են հասել, ոչ էլ՝ սպառել իրենց պոտենցիալը։ Ես կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծում չեմ տեսնում։

- Ի վերջո, այս հակամարտությունից ո՞վ ու ի՞նչ է շահում։

- Դեռևս շահողներ չկան։ Ռուսաստանը, վստահաբար, կարող էր շահող դուրս գալ, եթե իր նախատեսած հունով պատերազմն ընթանար, այսինքն՝ բլիցկրիգ կարողանար անել։ Դա կլիներ այն դեպքում, եթե Ռուսաստանը հարձակման երկրորդ օրն արդեն լիներ Կիևի կենտրոնում, և տեղում փոխվեր իշխանությունը։

Իսկ երկարատև պատերազմից արդեն երկու կողմերն էլ չեն շահում, չի շահում նաև Արևմուտքը։ Մի իրավիճակ է ստեղծվել, երբ, ըստ էության, Եվրոպայի անվտանգային ճարտարապետությունն է մտել ճգնաժամի մեջ, որի պատճառով բոլորն են տուժում։

Եվրոպայի անվտանգային ճարտարապետությունը լուրջ վերանայումների կարիք ունի, կարծում եմ՝ հենց սա կդառնա այն առիթը, որի հիման վրա կարվեն այդ վերանայումները։  

Ոսկեհատ Պողոսյան