Հասարակություն

Վաղվանից սկսվում է Մեծ պահքը

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Պահքի շրջանը սկսվում է փետրվարի 28-ին:

Մեծ Պահքի նպատակը հարաբերությունների վերականգնում է Աստծո, ինքներս մեզ, մեր հարազատների և սիրելիների հետ: Ապրել առանց շահի, նյութական արժեքների մասին մտքերի, ավելի մոտ կանգնել Աստծուն և հեռանալ սատանայից:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը, որին հաջորդում է ևս մեկշաբաթյա պահքի շրջանը` Ավագ շաբաթը:

Մեծ Պահքն ունի 7 հիշարժան օրեր՝ 7 կիրակի, որոնցից ամենքն ունեն իրենց անվանումն ու խորհուրդը՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Իսկ Պահքի ողջ ընթացքը կիսվում է միջինքով. այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Սուրբ Զատիկը:

Մեծ Պահքի ընթացքում կարևոր է հավատացյալի կանոնավոր մասնակցությունը Ս. Պատարագներին, առավոտյան և երեկոյան ժամերգություններին, Խոստովանության կարգին: Կարևոր է իմանալ, որ, եթե անգամ այդ փուլի սկզբից չի պահվել Մեծ Պահքը, ցանկացած պահից կարելի է պահքի մեջ մտնել, իսկ խախտելու դեպքում էլ կարելի է նորից շարունակել այն:

Շատերը Մեծ Պահքը կապում են սահմանափակ սննդի հետ: Անշուշտ, դա ևս կարևոր է, բայց պետք է նաև ուղեկցվի մտքի և հոգու մաքրությամբ: Այս փուլում պետք է.

•ուտել բուսական ծագման սնունդ և չափավոր. պետք է լինել ժուժկալ,
•հրաժարվել կախվածություններից (ժամանակի վատնում, համակարգչային խաղեր, դատարկախոսություններ և այլն),
•կարդալ Աստվածաշունչ, կանոնավոր աղոթել,
•անել այն, ինչը վաղուց պետք է անեիր. վերարժևորել կյանքը, որի արդյունքում մենք լրացնում ենք կիսատ թողածը։

Մեծ պահքն այս տարի ավարտվում է ապրիլի 16-ին: 

Ոսկեհատ Պողոսյան