Մշակույթ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը, որը խորհրդանշում է 451 թ. Ավարայրի ճակատամարտում հայրենիքի և քրիստոնեական հավատքի համար նահատակված Վարդանանց զորավարների և 1036 մարտիրոսների հիշատակության խորհուրդը։

Վարդանանքը դարձավ օտար բռնապետության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի, ազգային ինքնուրույնության պահպանման, հանուն հայրենիքի և կրոնի մղած պայքարի և կամքի դրսևորման լավագույն խորհրդանիշը։ Երբ 451թ. գարնանը պարսկական զորքը՝ Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ, մտնում էր Հայաստան և հասնում Արտազ գավառ, հայոց զորքերը պատրաստվում էին վճռական ճակատամարտի, իսկ զորքին քաջալերիչ խոսքերով առջնորդում էր Վարդան Մամիկոնյանը։ Մինչ այդ՝ 428թ., Հայաստանում վերջ էր դրվել Արշակունյաց թագավորությանը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դարձել էր մարզպանություն։ Իսկ պարսից արքա Հազկերտը ձգտում էր իր տերության սահմաններում բնակվող բոլոր հպատակներին զրադաշտական հավատքի հետևորդներ դարձնել, որի արդյունքում 449թ. մի հրովարտակ է արձակում, որով տերության սահմաններում բոլոր հպատակներին պարտադրվում էր զրադաշտական կրոնը` կրակապաշտությունը։ Դավանափողության նման առաջարկը բնականաբար սվիններով էր ընդունվելու։ Ինչպես պատմիչ Եղիշեն պատմում էր որ հայոց զորքը ճակատամարտի դաշտում թվաքանակով երեք անգամ քիչ էր պարսկական զորքից՝ 66 հազար, սակայն դա չէր խանգարում հայորդիներին՝ կյանքի գնով պաշտպանել իրենց հավատքը, կրոնը, հայրենիքն ու ազգային ինքնությունը: 

Հայաստանում քրիստոնեությունն ընդունվելուց ի վեր՝ Հայ Եկեղեցին էլ սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն էր, որտեղ պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր նաև հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Երբ 451թ.-ի գարնանը պարսկական 200 հազարանոց բանակը մտնում է Հայաստանի արևելյան կողմից, հանդիպում է հայոց բանակի դիմադրությանը՝ Ղևոնդ երեցի գլխավորությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում նվիրյալների հավատը։ 451թ.-ի Վարդանանց հերոսամարտը քրիստոնյա աշխարհում առաջին պատերազմն էր՝ հանուն հավատքի, որի արդյունքում նահատակված հայորդիները ստացել են «Հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անվանումը։

Նախկինում Վարդանանց տոնը նշվում էր մեծ շուքով, ահա, օրինակ, 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Վարդանանց տոնին մեծ տոնակատարություններ էին կատարվում Ախալցխայում, մատուցվում էր պատարագ, քահանան հայրենաշունչ քարոզներ էր հնչեցնում` փառաբանելով Վարդանին, Ղևոնդ Երեցին, իսկ երեկոյան կազմակերպվում էին հավաքական խաղեր։ Վարդանանց նահատակների վերաբերյալ մի շարք ավանդույթներ են ստեղծվել, սպարապետ Վարդան Մամիկոնյանի հետ կապվել մի շարք բանահյուսական լեգենդներ։ Այդպիսիներից է, օրինակ, Վարդան զորավարի կաղնին՝ Տավուշի Ներքին Աղդան գյուղում: Ավանդույթի համաձայն՝ կաղնին, որի տակից աղբյուր է բխում, տնկել է Վարդան զորավարը: Տեղացիներն այն անվանում են «Զորավորի աղբյուր», լեգենդի համաձայն՝ այն բուժիչ հատկություն ունի։