Հասարակություն

Հրապարակել են ախտորոշիչ ծառայությունների ոլորտում ՄՊՀ ուսումնասիրության արդյունքները

ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ 2020թ. ուլտրաձայնային հետազոտություններ մատուցել են 191 ընկերություն։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2019թ. համեմատ, 2020 թ. 17․1 % աճել են ռենտգեն հետազոտությունները։

Մամոգրաֆիկ ծառայություններ մատուցել է 12 ընկերություն․ 2020 թվականին նման հետազոտությունների թիվը աճել է 40․8 %-ով։

Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ և պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 000 դրամ է։

ՄՊՀ եզրակացության համաձայն, Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում են 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երևանում։ Երևանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1 %։ ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տանատվում է 25 000-ից 50 000 դրամի սահմաններում։

2020 թվականին Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն մատուցվել է 11 տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնցից միայն երկուսն են գործունեությունը իրականացնում Երևան քաղաքից դուրս՝ Դիլիջան և Գյումրի քաղաքներում։

ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 000-ից մինչև 100 000 դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 000-60 000 դրամ։

Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446 հետազոտության դիմաց։

Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 000 դրամ, իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 000-ից 50 000 դրամի շրջանակներում։