Փետրվարի 7-ին Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն իրականացրեց Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի առաջին թռիչքը: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի և էմիրաթական բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկման արդյունքում:
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը նշեց, որ ցանկացած բացվող ճանապարհ դրական է երկրի համար։ Միաժամանակ, պարոն Պետրոսյանը նաև ընդգծում է. «Չեմ կարծում՝ մեծ ուղևորահոսք կլինի դեպի Աբու Դաբի, որովհետև Աբու Դաբին մի քիչ սահմանափակումներ ունի քրիստոնյաների նկատմամբ»։
Պետրոսյանի կարծիքով՝ Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի թռիչքներն ավելի շատ բիզնես-ճանապարհորդություններ կլինեն. «Գուցե կառավարական հանձնաժողովներ լինեն՝ մայրաքաղաք Աբու Դաբի ուղևորվող, բայց տուրիստների համար հետաքրքրություն այնտեղ առանձնապես չկա»:
Բացի այդ, վերսկսվել է Երևան-Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցությունը։ Մոտ երկու տարի դադարից հետո՝ փետրվարի 2-ին, վերագործարկվեցին Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները։
1993-1996թթ. քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Շահեն Պետրոսյանը հիշում է, որ 1995թ.-ին Հայաստանի վիճակն ավելի լավ չէր, դիվանագիտական հարաբերություններ չկային, բայց այն ժամանակ հնարավոր եղավ բացել Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993թ.-ից։ Այսօր ևս Շահեն Պետրոսյանը ողջունում է ուղիղ չվերթի վերագործարկումը՝ նշելով, որ, ի տարբերության այսօրվա, 1995թ.-ին չկար քննադատություն:
Ըստ նրա՝ Երևան-Ստամբուլ չվերթի վերագործարկումը պետք չէ կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Ստամբուլը նաև մեծ օդանավական է, որից կարելի է օգտվել՝ Եվրոպա ավելի մատչելի տարբերակով գնալու համար: «Օրինակ, Իտալիա, Ֆրանսիայի հարավ, Իսպանիա մենք ուղիղ թռիչքներ չունենք Երևանից, Ստամբուլի օդանավակայանը որպես տրանզիտային օդանավակայան օգտագործելով՝ կարող ենք թռչել եվրոպական երկրներ»:
Պետրոսյանի խոսքով՝ մեր երկրի համար ցանկալի կլինի նաև Հայաստան-Թուրքիա ցամաքային ճանապարհի բացումը։ Նա հիշեցրեց՝ թուրքական ապրանքներ ներկրվում են Վրաստանի տարածքով կամ այլ ճանապարհով, ինչի արդյունքում տրանսպորտային ծախսերն ավելի թանկ են լինում, և մարդիկ ավելի մեծ դժվարություններ են ստիպված լինում հաղթահարել. «Հարևանների հետ չի կարելի անընդհատ թշնամական հարաբերություն ունենալ, վերջ ի վերջո պետք է այդ հարաբերությունները կայունացվեն, նորմալացվեն, և, կարևորը, դիվանագիտական ճանապարհով»:
Հասարակական ներքին տարակարծություններից խոսելով՝ Պետրոսյանը հիշում է, որ 1995թ.–ին, երբ բացվեց Երևան-Ստամբուլ չվերթը, դաշնակցական ուղևորներ ունեին, ովքեր մեծ հաճույքով գնացել էին Թուրքիա և, վերադառնալուց հետո, շատ դրական արձագանքել այդ թռիչքին. «Հիմա մանիպուլյացիա է ուղղակի»։
Ոսկեհատ Պողոսյան