Հասարակություն

Շուշիի թանգարանի գորգերի ճակատագիրն անհայտ է

Պատերազմի օրերին Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի ճակատագիրը դեռևս անհայտ է։ 

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը հույս ունի, որ հարցին կառուցողական լուծում կտրվի. «Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված: Գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն»: 

Վերջինս նշեց, որ գորգերը մինչ այս ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Երկու օր առաջ ցուցադրությունը հավաքել են և հիմա չգիտեն` ուր են տանելու։ Վստահ է եղել, որ համապատասխան մարմինները լուծում կտան հարցին։

Նրա խոսքով` Հայաստանի ԿԳՄՍՆ-ն առաջարկել է գորգերը տեղափոխել կամ Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարան կամ  նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոն։ Սակայն, ըստ Ասծատրյանի, այս թանգարաններն իրենց գորգերն ունեն և ցուցադրելու տեղ չկա այլևս։ Բացի այդ, պահոցներում վարակ` ցեց կա։ Ասծատրյանին առաջարկել են նաև գորգերը Արցախ տեղափոխել, սակայն նա շեշտում է` կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ ունենա։

«Արցախի մշակույթի նախարարությունը համաձայնեց իմ առաջարկին, և նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍՆ-ին։ Հիմա փորձագետները սրբագրման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի պետական կնիքով հաստատված անձնագրերը փոխանցեն Արցախի մշակույթի նախարարությանը։ Սակայն ինձ Արցախից զանգեցին ու ասացին` պատրաստ են գորգերն ընդունել, սակայն թանգարանի կարգավիճակին 2 տարի հետո կանդրադառնան»,- ասաց նա։

Ասծատրյանը առանձնացրեց, որ Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ գորգերը կպահեն մետաքսի կոմբինատի տարածքում, սակայն վստահեցրեց, որ այդ գործարանը մասնավոր է, և չի ուզում իր գորգերն այնտեղ տանել` իրավունք չունի վտանգել գորգերի ճակատագիրը։

«Այս պահին սպասողական վիճակում ենք՝ մինչև ԿԳՄՍՆ-ն տվյալները կամփոփի և Արցախի մշակույթի նախարարությանը կներկայացնի։ Ադրբեջանցիներն արդեն իսկ սկսել են շահարկել այս թեման՝ ասելով, որ եթե գորգերը տեղ չունեն Հայաստանում, թող մնային Շուշիում։ Լիահույս եմ, որ խնդիրը կառուցողական լուծում կստանա, հակառակ դեպքում ադրբեջանցիները դա ևս կյուրացնեն»,- ընդգծեց Ասծատրյանը։

Վերջինս նշեց, որ ընդհանուր առմամբ, Շուշիից դուրս է բերվել շուրջ 160 արժեքավոր գորգ, սակայն ցուցահանդեսին ներկայացվել էր 71 նմուշ։ Հասցրել է փրկել գորգերի 70 տոկոսը։ Ցուցադրված էին հիմնականում XIX դարի գորգեր, սակայն հավաքածուում կան նաև XVII դարի նմուշներ։