Տեսակետ

Շատ փոքր ջանք` ընդամենը գրել մեսրոպատառ հայերենով

Զոհրապ Եգանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Համացանցում մեսրոպատառ հայերեն գրելու նախաձեռնությունը 10 տարեկան է: Դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ոչ բավարար ու բոլորս պարտքն է պահել, պաշտպանել ու եկող սերունդներին հանձնել մեր հրաշք գիրը: Այն կորցնելու վտանգ իսկապես կա ու մեզանից պահանջվում է ընդամենը գրել մեսրոպատառ ու ազդել շրջապատի մարդկանց վրա, որպեսզի անեն դա: Ամենավատն այն է, որ դպրոցներում աշխատանքներ չեն տարվում երեխաների հետ, իսկ մեր գրի ու լեզվի ապագա կրողներն ու տարածողները հենց նրանք են: Թվայնացվող այս դարաշրջանում մենք իրավունք չունենք անլուրջ վերաբերվել այս հարցին և թողնել այն ինքնահոսի, այլապես կգա այդ օրը, երբ հայը չի իմանա իր գիրը: Չկա այլ հայերեն գիր մեսրոպատառից բացի: Գոնե վերջին արհավիրքները մեզ պետք է դարձնեն ավելի ուշադիր մեր ունեցածի հանդեպ, խեղողը, այլաձևողը թուրքը կամ ադրբեջանցին չէ, այլ մենք ենք: Շատ փոքր ջանք է պահանջվում` ընդամենը գրել մեսրոպատառ հայերենով, մեր այբուբենը աշխարհի մի քանի տասնյակ այբուբեններից է, պատկերացրեք՝ ինչ ջանասիրությամբ այն կպահեին սեփականը չունեցողները: Հիշեք` ամեն արժեք կորսվում է ոչ միանգամից, այլ կամաց-կամաց: 
Հ.Գ 
Իսկ տարիներն իրոք անցնում են շատ արագ»։