«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«1998-2008 թվականերին Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր առավոտ սկսվում էր նույն կերպ: Ամեն աստծո օր Սերժ Սարգսյանը արթնանում, հագնվում, տնից դուրս էր գալիս, գնում, կանգնում էր Քոչարյան Ռոբերտի տան դռան կողքն ու սպասում մինչև նա դուրս կգա: Ամեն առավոտ, նույն ժամին Քոչարյանը դուրս էր գալիս, Սարգսյանը, իրեն խոնարհվելով, ողջունում էր, բարի օր էր մաղթում, սպասում էր մինչև նա կնստի մեքենան, հետո նոր գնում էր իր գործերով:
Երկուսն էլ, ի թիվս բազմաթիվ այլ պաշտոնյաների, ապրում էին կառավարական «դաչեք» կոչեցյալում: Բայց այդ ռիտուալը միայն Սերժն էր, որ տաս տարի շարունակ, ամեն օր կրկնում էր: Ոչ Դարբինյանը, ոչ Սարգսյան Վազգենն ու Արամը, ոչ Անդրանիկը Մարգարյան, ոչ էլ նույնիսկ Օսկանյան Վարդանը, դա չէին անում: Նրանք և այլոք դա անում էին Քոչարյանին արտասահման ճանապարհելիս: Բոլորը հավաքվում էին օդանավի դիմաց ու ձեռքով թափահարում սիրելի շեֆին ճանապարհելիս: Իսկ Սերժը դա անում էր ամեն օր:
Ընդ որում, սա 30 տարվա առերեսվելու ընթացքի մեջ ընդամենը մի կտոր է, մեկ երրորդը: Մնացած երկու երրորդում ինչ ասես եղել է, ամենաաներևակայելի ու աններելի բաները: Մահափորձեր, դավադրություններ, մանր ստորություններ, խոշոր դավաճանություններ, ինչ ասես... Ու Սերժը միշտ էլ գիտեր` ով է դրանց հեղինակը: Լավ գիտեր նաև հեղինակի էությունը: Ասում են՝ այն ձեռքը, որ չես կարող կտրել, պետք է համբուրես, բայց ով կարա իրեն ստիպի դա անել ամեն Աստծո օր, մեկ տասնամյակ շարունակ:
Ինձ բոլորիդ պես երբեմն հարվածում է հուսահատության ալիքը: Ամեն անգամ, երբ այս գաղջ իրականության նոր դրվագներ եմ ինձ համար բացահայտում, ցանկություն է առաջանում թքել ամեն ինչի վրա ու մի անմարդաբնակ տեղ հեռանալ: Իմ բախտը բերել է, քանի որ իմպուլսիվ մարդ եմ` մարդկային նենգության դրսևորումներից առաջացած բարկությունն ինձ դրդում է փախուստի փոխարեն մարտի նետվել: Սակայն, որպեսզի նույն իմպուլսիվությունս պատճառ չդառնա բոլոր մարտերիս վաղաժամ և անփառունակ վախճանի, ինձ պարբերաբար հիշեցնում եմ, որ Սերժը տաս տարի շարունակ, 3650 օր, առավոտը սկսում էր` Քոչարյանի դիմաց խոնարհվելով:
Բոլորիդ պես երբեմն թույլ եմ տալիս ինքս ինձ խղճալ: Ես վերջիվերջո Սերժի պես չեմ, շախմատ չեմ սիրում ու առհասարակ... Բոյս 187 ա, տեստոստերոնս միշտ նորմայից մի քանի անգամ ավել ա եղել, խաղացածս ֆուտբոլ էր, դիրքս հենակետային, նշաձողս էլ Ջինարո Գատուզո: Դժվար ա էս տվյալներով մարտի բռնվել, մարդկային ողջ նենգությունն իր մեջ առած, վիշապանման օձերի հետ: Շատ են լպրծուն ու սողացող: Չես կարում բռնես, տղավարի կռվես հետները: 187 սանիտմիետրովս խոնարհվելն էլ հեշտ բան չի, ֆիզիկա կա, բան կա... Մեկ տոննա բրդելը վաբշե պրոբլեմ չի իմ համար, բայց մի կես ժամ ելակ եմ հավաքում, հետո 3 օր մեջքիս ցավից մեռնում եմ, բայց հետո հիշում եմ, որ Սերժը տաս տարի... 3650 հատ օր, ցերեկ, երեկո ու երբեմն էլ գիշեր...»։