Գիտություն

Օվկիանոսները վտանգի տակ են ջրիմուռների աճի պատճառով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օվկիանոսները վտանգի տակ են ջրիմուռների աճի պատճառով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գիտնականները նախազգուշացնում են օվկիանոսներում հնարավոր «ռեժիմային փոփոխության» մասին, ջրիմուռների հսկայական կուտակումների ֆոնին։ Ջրիմուռների արագ աճը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ և գյուղատնտեսական արտահոսքերից ու այլ աղտոտիչներից ջրերի չափից ավելի հարստացմամբ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում արևադարձային Ատլանտիկայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ջրիմուռների ծաղկման տարածքներն աճել են տարեկան 13,4%-ով։ Այս մասին փաստում են Հարավային Ֆլորիդայի համալսարանի (USF) հետազոտողները։ Իրենց նոր աշխատության մեջ նրանք նշում են, որ այս տեղաշարժը կարող է մթնեցնել ջրի ստորին շերտերը՝ փոխելով դրանց էկոլոգիան և գեոքիմիան:

Գիտնականներն օգտագործել են արհեստական բանականություն՝ սկանավորելու 2003-2022 թվականներին արված 1,2 միլիոն արբանյակային լուսանկար։ Լողացող ջրիմուռների ազդանշանները հայտնաբերելու համար կիրառվել է խորը ուսուցման (deep-learning) մոդել, ինչը տևել է մի քանի ամիս:

Հետազոտողների խումբը պարզել է, որ մակրոջրիմուռների ծաղկման տարածքը տարեկան աճել է 13,4%-ով, մինչդեռ միկրոջրիմուռների (օրինակ՝ ֆիտոպլանկտոնի) աճը եղել է ավելի համեստ՝ տարեկան մոտ 1%:

Գիտնականները եզրակացնում են, որ եթե օվկիանոսային պայմանների այս փոփոխությունն արդեն տեղի է ունեցել հօգուտ մակրոջրիմուռների, ապա դա խորը ազդեցություն կունենա մթնոլորտի ջերմային ճառագայթման, օվկիանոսում լույսի հասանելիության, ինչպես նաև ածխածնի կլանման և օվկիանոսի կայունության վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական