Աշխարհի առաջատար փորձագետները պնդում են, որ դեմենցիայի միլիոնավոր դեպքեր կարող են կանխվել կենսակերպի պարզ փոփոխությունների շնորհիվ: Նրանք հրապարակել են հիվանդությունը հաղթահարելու վերջնական «ճանապարհային քարտեզը»:
Նոր ծավալուն զեկույցում գիտնականները ներկայացրել են 56 ապացույցի վրա հիմնված առաջարկություններ՝ ուղղված դեմենցիայի ռիսկի կտրուկ նվազեցմանը։ Դրանք ներառում են լսողության կորստի, արյան բարձր ճնշման և սոցիալական մեկուսացման դեմ պայքարը, հանրային առողջապահական իրազեկման բարելավումը, շրջակա միջավայրի ստրեսային գործոնների վերացումը և կանխարգելման համար կայուն ֆինանսավորման ապահովումը:
Այս վերլուծությունը հիմնված է 2024 թվականի Lancet հանձնաժողովի եզրակացությունների վրա, որը բացահայտել էր դեմենցիայի 14 փոփոխվող ռիսկի գործոններ և եզրակացրել, որ Ալցհեյմերի հիվանդության դեպքերի գրեթե կեսը կարող է կանխվել:
Դրանց թվում են՝ բարձր խոլեստերինը, լսողության և տեսողության չբուժված կորուստը, ֆիզիկական անգործությունը, սոցիալական մեկուսացումը և օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը. գործոններ, որոնց դեմ, ըստ հեղինակների, դեռևս բավարար լրջությամբ պայքար չի մղվում բնակչության մակարդակով:
Փորձագետները նաև նշել են, որ կանխարգելման ջանքերն առավել արդյունավետ են, երբ ուղերձները կենտրոնանում են այն գործոնների վրա, որոնց վրա մարդիկ կարող են ազդել: Ըստ նրանց՝ հստակ ուղերձները, ինչպիսիք են՝ «Քաշի նվազեցումը կարող է կրճատել դեմենցիայի ռիսկը», ավելի արդյունավետ են, քան անորոշ նախազգուշացումները կամ մասնագիտական բարդ տերմինաբանությունը: